Ես պրիզնատ չեմ գալիս Փաշինյանին, թող ռադ լինի, գա նա, ով հետ կբերի մեր գերիներին.անհայտ կորածի քույր

19 Օգոստոսի 2024, 15:00

Քաղաքականություն

Ադրբեջանական բանտերում պահվող ու արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրին: Դժգոհելով Հայաստանի Կառավարության անգործությունից, նրանք ՄԱԿ-ից պահանջեցին քայլեր ձեռնարկել հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Արտաշատ քաղաքում հաստատված հադրութցի Աիդա Աբրահամյանը եղբորից՝ Նելսոն Աբրահամյանից շուրջ 4 տարի լուր չունի: Քրոջ խոսքով՝ եղբայրը սեպտեմբերի 27-ից կամավոր սկզբունքով մասնակցել է 44-օրյա պատերազմին: Նելսոն Աբրահամյանը հոկտեմբերի 4-ից համարվում է անհայտ կորած: Աիդան, սակայն, պնդում է, որ իր եղբայրը գերության մեջ է:

«Եղբայրս իր 50-ամյակը բոլորել է Բաքվի բանտում: Հարցնում եմ՝ ո՞ւր է իմ եղբայրը: Հո ասեղ չէր, որ կորավ: Զոհվածների մեջ չկա, ԴՆԹ նույնականացում չունի, բա ո՞ւր է իմ եղբայրը: ՀՀ ղեկավարը ինչի՞ չի մտածում սրա մասին, ո՞ւմ հետ է պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, եթե մենք դեռ գերիներ ունենք Բաքվում: Փաշինյանի երեխան որ կորի, ինքը չի մտածելու, թե որտեղ է իր Աշոտիկը, բա հիմա ես եմ հարցնում՝ո՞ւր է իմ եղբայրը:

Երկու-երեք ամիս առաջ հանդիպել ենք Փաշինյանի հետ, մեզ ասաց, թե Ալիևը երդվել է, որ ինքը գերի չունի: Եթե դու հավատում ես Ալիևի երդումին, ես քեզ ո՞նց հավատամ: Ես Նիկոլ Փաշինյանին որպես ղեկավար պրիզնատ չեմ գալիս, թող ռադը քաշի, գա մեկը, որը հետ կբերի մեր գերիներին»,- ասում է եղբորից 4 տարի լուր չունեցող Աիդան:

Հիմա եթերում