Ես սկզբունքային տարբերություն չեմ տեսնում Զելենսկու և Փաշինյանի գործողությունների միջև․ Սերգեյ Պանտելեև
28 Մայիսի 2024, 22:00
Ռուսաստանի արտասահմանյան ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պանտելեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում գործող իշխանության դեմ բողոքի ակցիաները և Ռուսաստանի այսօրվա դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Փորձագետի կարծիքով՝ բողոքի այս ալիքը կոչվելու է ազգային պայքար՝ հայերից սեփական պատմամշակութային կոդի իրավունքը խլելու դեմ։
«Մենք վերջերս գնացել էինք Էջմիածին, և ես տեսել եմ հայոց պատմության այդ խորությունը, այնտեղ շատ հստակ հասկացվում է, որ Հայաստանի՝ հին քրիստոնեական երկրի պատմությունը խորապես կապված է եկեղեցու հետ, կապված է հայկական քարերի, գեղեցիկ հողի համար մղվող պայքարի հետ: Եվ հանկարծ հասկանում ես՝ իշխանությունը, որը ներկայացնում է հին քրիստոնյա ժողովրդին, հետևողականորեն հրաժարվում է այնպիսի հիմնական բաներից, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Եվ երբ խոսքը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, գրեթե ինչ-որ օտարերկրյա գործակալ հայտարարելուն, ապա դա ընդհանրապես ի՞նչ է։ Այդ պատճառով, ինձ թվում է՝ բողոքի այս ալիքը կկոչվի Ազգային պայքար՝ ընդդեմ հայերից և Հայաստանից սեփական պատմության, սեփական դեմքի, սեփական մշակութային-պատմական կոդի իրավունքը խլելու», — ասել է Պանտելեևը։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ իր կողքին լինեն երկրներ, որոնք պաշտպանում են իրենց դիրքորոշումը և ունեն սուբյեկտայնություն:
«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունում երիտասարդ բարեփոխիչի կառավարությունը, մասնավորապես՝ Եգոր Տիմոֆեևիչ Գայդարը, գրել ռուսական մշակութային-պատմական կոդից հրաժարվելու անհրաժեշտության մասին, որն իր մեջ կրում է տոտալիտար սկզբունք, և առաջարկել է դառնալ արևմտյան տիպի Հանրապետություն։ Հայտնի է, թե ինչպես դա ավարտվեց։ 1993-ին քաղաքացիական պատերազմի շեմին էինք։ 90-ականներն ընկալվում են որպես ամենամռայլ ժամանակ, և նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես երկիրը հանեց այս անդունդից:
Կա Ուկրաինայի օրինակը, որտեղ այսօր բացարձակապես նույն ուժերը գործում են այնպես, ինչպես հիմա Հայաստանում, պայքարում են Ուղղափառության դեմ, գրավում են ուղղափառ եկեղեցիները, ժխտում խորքային պատմությունը։ Եվ դա հանգեցնում է ոչ միայն ինքնության, մշակույթի և տնտեսության ամենախորը ճգնաժամի, այլ՝ իրական քաղաքացիական պատերազմի, որը նախագծի հաճախորդներն օգտագործում են իրենց նպատակների համար:
Սա սեփական ինքնությունից հրաժարվելու նախագիծ է, սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար ժողովրդին միմյանց դեմ հանելու նախագիծ։ Ես վախենում եմ, որ ահա այս ուղիղ անալոգիաներն այսօր խիստ արդիական են Հայաստանի համար, որովհետև ես սկզբունքային տարբերություն չեմ տեսնում Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) և Փաշինյանի (Հայաստանի վարչապետ) գործողությունների միջև։ Նույնիսկ այս նախագծերի պատվիրատուների տեսանկյունից սա մեկ տեխնոլոգիա է, և հետևաբար նրանք պայքարում են ավանդույթների դեմ, քանի որ ավանդույթը նրանց համար թշնամական սկզբունք է։
Նրանք նախագծի խամաճիկներն են, որոնք նույնիսկ ինքնիշխանություն հասկացությունն են ուզում վերացնել։ Ինքնիշխանություն հասկացությունը նրանց համար վտանգ է։ Իսկ Ռուսաստանը շահագրգռված է, որ մեր կողքին լինեն երկրներ, որոնք պաշտպանում են իրենց դիրքորոշումը, որոնք ունեն ազգային հպարտության, սեփական դիրքորոշման իրավունք և ունեն սուբյեկտայնություն, որի հետ կարելի է պայմանավորվել։ Ռուսաստանն այստեղ հանդես է գալիս որպես ինքնիշխանության պաշտպան», — նշել է Պանտելեևը։
Փորձագետի կարծիքով՝ այժմ հույս կա, որ հայերն իրենք կդառնան սեփական պետականության պաշտպանության հետ կապված գործընթացի մոդերատորները:
«Ռուսաստանն անվիճելիորեն շահագրգռված չէ, որ հեռանա տարածաշրջանից, և որ այստեղ սկսվեն ինչ-որ անվերահսկելի գործողություններ՝ կապված հակամարտության հրահրման հետ։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պայթյունը կանխելու գլխավոր երաշխավորը լինեն այն ուժերը, որոնք ինքնիշխան, անկախ պետություններ են։ Մեր կողմից մենք ողջունում ենք այն փաստը, որ հայ ժողովուրդն արթնանում է որոշակի տրանսից։
Այժմ հույս կա, որ հայերն իրենք կդառնան սեփական պետականության պաշտպանության հետ կապված գործընթացի մոդերատորները, և այստեղ, իհարկե, և ռուսական հասարակությունը, և ռուսական պետությունն ամեն կերպ կաջակցեն այդ գործընթացին։
Եվ ես հույս ունեմ, որ մենք վերջապես կհիշենք՝ մենք իսկական դաշնակիցներ ենք և միասին կպաշտպանենք մեր պատմական ուղին», — եզրափակել է Պանտելեևը։