Էսկալացիայի միշտ պետք է սպասել. Ալեքսեյ Անպիլոգովը՝ բանակցություններում Բաքվի դիրքորոշման մասին

21 Նոյեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման դժվարությունները:

«Դա վկայում է միայն կողմերի դիրքորոշումների անհամատեղելիության մասին։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ քանի դեռ կողմերը ընդհանուր հայտարարի չեն գալիս, անհնար է լուծել այս բարդ կոտորակը։ Եվ կարծում եմ՝ այստեղ պետք է հասկանալ, որ այժմ Ադրբեջանը՝ որպես Ղարաբաղյան պատերազմում հաղթող, թեև հիշեցնեմ, որ Հայաստանը պաշտոնապես չի մասնակցել այդ բոլոր գործողություններին, և այդ ամենը փաստացի հանգել է միայն բանավոր ինտերվենցիաների, այժմ իր հաղթանակի արդյունքները տեղափոխում է Բաքվի և Երևանի երկկողմ փոխհարաբերություններին։

Ընդհանուր առմամբ՝ հայկական կողմի համարձակությունից է կախված այն, թե որտեղ կանգ կառնեն ադրբեջանական կողմի հավակնությունները, և որքանով կխախտվի և կսահմանափակվի Հայաստանի ինքնիշխանությունը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն», — կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների առաջացման վտանգը մշտապես առկա է։

«Էսկալացիայի միշտ պետք է սպասել։ Պետք է հասկանալ, որ քանի դեռ չկա կայուն խաղաղություն, լինելու է ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի իրավիճակ, իսկ սա շատ վտանգավոր իրավիճակ է, որտեղ իսկապես սահմանային սադրանքների համար լայն դաշտ կա»,- եզրափակել է Անպիլոգովը։