Եթե Ադելիա Պետրոսյանը պատվանդանին կանգնի, հենց նա էլ կլինի «Ռուսաստանի դրոշը». Պեսկով

24 Սեպտեմբերի 2025, 21:30

Սպորտ

Միջազգային մրցումներին չեզոք դրոշի ներքո մասնակցելու ընտրությունը մնում է հենց մարզիկների վրա, սակայն այդ մրցաշարերում ռուսական ներկայությունը պետք է շարունակվի, «Ռադիո ՌԲԿ»-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարծում եմ, որ ընտրությունը մարզիկներինն է: Եվ ես կարծում եմ, որ պետք է ամեն կերպ մարզիկներին առաջ մղել, պահպանել բարձրագույն միջազգային մրցումներին նախապատրաստվելու բոլոր գրաֆիկները»,- ասել է Պեսկովը:

Նա կարծում է, որ մարզիկները պետք է շարունակեն մասնակցել միջազգային մրցումներին՝ «պաշտպանելով իրենց և երկրի շահերը»: «Եթե Ադելիա Պետրոսյանը կանգնի պատվանդանին, հենց նա էլ կլինի մեր դրոշը»,- հավելել է նա:

Պեսկովի խոսքով՝ շատ լավ է, որ Ռուսաստանի սպորտային իշխանությունները երկխոսություն են վարում ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) հետ:

«Այո, մենք համաձայն չենք ՄՕԿ-ի դիրքորոշման հետ: Երկակի ստանդարտները շարունակվում են, կենտրոնացված կերպով շարունակվում են: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նեղանանք, երես թեքենք և դադարենք բոլորի հետ շփվել: Դա անհեռատեսություն է և սխալ: Մենք պետք է շփվենք, պետք է պաշտպանենք մեր դիրքորոշումը և շարունակենք մասնակցել միջազգային մրցումներին: Մեր շահերը կպաշտպանվեն»,- եզրափակել է Պեսկովը: