Եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ, կհեռացվի ԵԽ-ից․ Թինի Քոքս
14 Հոկտեմբերի 2023, 19:00
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լրջորեն է տրամադրված նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ կիրառելու հարցում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների լուրջ խախտման: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Թինի Քոքսը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է ճանաչի բոլոր նրանց լիակատար և անսահմանափակ իրավունքները, ովքեր ապրում կամ ապրել են Ադրբեջանում, որպեսզի նրանք կարողանան տուն վերադառնալ:
«Եթե նրանք այդքան վախեցած են և չցանկանան վերադառնալ, ապա Ադրբեջանը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի Լեռնային Ղարաբաղում այդ մարդկանց հասցրած հսկայական վնասի համար։
Եթե Ադրբեջանը չկատարի պարտավորությունները, ապա ԵԽԽՎ-ն` Նախարարների կոմիտեի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ միասին, կմտածի, թե ինչպես անել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները։ Երկու տարի առաջ մենք որոշում կայացրինք, որ այլևս ծուղակը չենք ընկնի և միջոցներ կձեռնարկենք, այդ թվում՝ երկիրը կազմակերպությունից հեռացնելու միջոց։ Եթե նախկինում մենք այդ իրավունքը չունեինք, հիմա Նախարարի կոմիտեն մեզ այդ իրավունքը տվել է։ Կազմակերպության գոյության 75 տարիների ընթացքում առաջին անգամ Վեհաժողովը իրավունք ունի ասելու, եթե Դուք հատել եք կարմիր գիծը, Դուք պետք է լքեք կազմակերպությունը:
Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը, ինչպես եւ Թուրքիան, Օսման Քավալային անհապաղ ազատ արձակելու մեր հանձնարարականի դեպքում հասկանում են, որ իրենց երկրի քաղաքացիների շահերից է բխում ոչ թե հեռանալ կազմակերպությունից, այլ մոտենալ նրան», — նշել է Քոքսը։
Նա հավելել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, սակայն կան պարտավորություններ, որոնք նշանակում են, որ երկիրը պետք է հոգ տանի իր քաղաքացիների մասին:
«Անընդունելի է Ադրբեջանի կողմից պրովոկացիան մարդկանց դուրս գալու վերաբերյալ, որովհետև Ադրբեջանը մարդկանց ոչ մի շանս չի տվել, բացի ուղղակի Հայաստան փախչելուց։
Անընդունելի է, եթե Դուք մի երկիր եք, որը պետք է համապատասխանի կանոններին և միջազգային իրավունքին, և մեր կանոնադրությանը ու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, չեք կարող բռնություն գործադրել այն նպատակին հասնելու համար, որն է՝ թույլ տալ, որ մարդիկ լքեն երկիրը և ապաստան փնտրեն հարևան երկրում: Դա սարսափելի բան է, որ տեղի է ունեցել, դրա համար մենք շտապ քննարկումներ անցկացրեցինք և եկանք այն եզրակացության, որ եթե իրավիճակը չփոխվի, մենք պետք է մարտահրավեր նետենք Ադրբեջանի անդամակցությանը այդ կազմակերպությանը։
Մենք չհիշատակեցինք Հայաստանը, որովհետև Հայաստանն այժմ ընդունում է հազարավոր փախստականների, որոնք դարերով ապրել են հարևան երկրում»,- ասաց նա։
Alpha News-ի լրագրողի դիտարկմանը, թե հայերն իսկապես դարեր շարունակ ապրել են այդ տարածքում, բայց ոչ այդ երկրի կազմում, Թինի Քոքսը նշել է, որ կարող են լինել իրենց մեկնաբանությունները, բայց միջազգային իրավունքն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, և «մենք չենք կարող դա փոխել»: «Ադրբեջանի իշխանություններն իրավունք չունեն գործել այնպես, որ մարդիկ հեռանան երկրից։ Լեռնային Ղարաբաղը շատ յուրահատուկ տարածաշրջան է, որտեղ Ղարաբաղի հայերը դարեր շարունակ ապրել են, երբ տարածքում երկրներ չեն եղել, այլ երկրներ են եղել և այլն, բայց դա փաստարկ չէ Ադրբեջանի համար, որպեսզի ամբողջությամբ չընդունվի իր պարտավորությունները», — ասել է Քոքսը։