Եթե ​​Ադրբեջանը կատարի ԵԽԽՎ չափանիշները, ապա կկարողանա վերադառնալ և քննարկել այլ խնդիրներ. ԵԽԽՎ ղեկավար

19 Ապրիլի 2024, 16:10

Քաղաքականություն

Եթե ​​Ադրբեջանը կատարի ԵԽԽՎ չափանիշները, ապա կկարողանա վերադառնալ և քննարկել այլ խնդիրներ։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

«Հունվարին մենք վիճարկեցինք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, քանի որ նրանք թույլ չտվեցին Վեհաժողովի զեկուցողներին այցելել Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղ, չընդունեցին զեկուցողների խնդրանքը՝ այցելել Բաքվում կալանավայրեր, կազմակերպությունից դիտորդներ չեն հրավիրել նախագահական ընտրություններին, փոխարենը դիտորդներ են հրավիրել ԵԱՀԿ-ից»,- ասել է նա։

Ռուսոպուլոսի խոսքով, դրանք երեք հիմնական խնդիրներ են, և Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը հանգամանորեն քննարկվել է անցյալ տարվա հոկտեմբերին։

«Սա հնարավորություն տվեց վիճարկել նրանց մասնակցությունը: Եթե ​​նրանք վերադառնան, համոզվելով, որ նշված խնդիրները փոխվել են, և նրանց մոտեցումներն ու դիրքորոշումները փոխվել են, և համապատասխանեն այս կազմակերպության չափանիշներին, ապա մենք կքննարկենք նրանց վերադարձի ճանապարհը։ Սա ինչ-որ տեղ գրված է կազմակերպության կանոնակարգում»,- ասել է նա։

Խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման և դրան հաջորդած իրադարձությունների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի խնդրի մասին, նա նշել է.

«Քանի որ Ադրբեջանը թույլ չի տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, սա արդեն այս կազմակերպության կանոնների խախտում է, մենք հստակ հայտարարել և դատապարտել ենք, թե ինչ կատարվեց այնտեղ, երբ հարյուր հազարից ավելի հայեր ստիպված լքեցին իրենց հայրենիքը, իրենց տունը։ Եվ սա էր պատվիրակությանը լիազորություններից զրկելու պատճառներից մեկը։ Հունվարի որոշման մեջ, որի արդյունքում հավատարմագրերը չեն հաստատվել, մենք ավելացրել ենք, որ եթե նրանք համապատասխանում են կազմակերպության չափանիշներին, կարող են վերադառնալ: Ինչ-որ բան արե՞լ են։ Ադրբեջանից դեռ ոչ մի նորություն չկա։

Մեր որոշումը նիստերի դահլիճում հայտնեցինք։ Նրանք գիտեն, թե ինչ որոշում է կայացվել, և եթե նույնիսկ այս կազմակերպության կողքին և այլ վայրերում խոսվում է ադրբեջանական պատվիրակության վերադարձի մասին, ես՝ որպես ԵԽԽՎ ղեկավար, հիշեցնում եմ, որ մեր որոշումը մնում է անփոփոխ։ Ես ադրբեջանցիներից ոչ մի ազդանշան չեմ ստացել, որ ուզում են փոխել կամ իրականացնել մեր խնդրածը»։

Պատասխանելով այն հարցին, որ եթե Ադրբեջանը կատարի մեկ չափանիշ, որը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, դա բավարար պայման կլինի՞ կազմակերպություն վերադառնալու համար, նա ասել է, որ եթե Ադրբեջանը կատարի այն չափանիշը, որը ԵԽԽՎ-ն ներկայացրել էր իրենց հունվարին, ապա այդ երկրի պատվիրակությունը կվերադառնա։

«Երբ վերադառնան, այդ ժամանակ պետք է այլ հարցեր քննարկվեն։ Այս կազմակերպությունը զենք չի օգտագործում։ Մեր զենքը խոսքն է»,- եզրափակել է ԵԽԽՎ նախագահը։