Եթե ամեն հայ օգնի ինչ-որ ձևով, ավելի լավ երկիր կունենանք․ Միքայել Սարյան
12 Հունվարի 2024, 22:34
Եթե ամեն հայ օգնի ինչ-որ ձևով, ավելի լավ երկիր կունենանք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բարերար,ազգային-հասարակական գործիչ Միքայել Սարյանը։
«Նպատակս է օգնել մեր ժողովրդին, հայությանը, ինչ կարող եմ անել՝ որպես հայ։ Եթե ամեն հայ մտածի՝ ինչպես կարող եմ իմ հայրենիքին օգտակար լինել որևէ ձևով, պարզ աշխատանքային ձևով, ավելի լավ երկիր ու հայրենիք կունենանք»,- այս միտքն է արտահայտել Սարյանը։
Նա նշել է, որ 2016 թվականի քառօրյա պատերազմին Հայաստան 18 միլիոնի դեղորայք ու բժշկական պարագաներ են ուղարկել։
«2016-ին առաջին անգամ ուղարկեցինք բժշկական պարագաներ, դեղորայք պատերազմի ժամանակ վիրավորված մարդկանց համար։ 8 անգամ ուղարկեցինք 18 միլիոնի չափ դեղորայք, գործիքներ, որոնք րամադրվել են հիվանդանոցներին։ Խոսակցություններ կային, որ օգնությունը տեղ չի հասել, որպես անձ նեղվում ես, բայց դրանք հաստատ տրամադրել են 33 հիվանդանոցի Իմ միակ նպատակն այն էր, որ օգնությունը հասնի հիվանդանոցներին և օգտակար լինի ժողովրդին»,- ասել է մեր զրուցակիցը։
Միքայել Սարյանը փոխանցել է, որ ամեն ինչ իր ու իր ընկերների միջոցով է իրագործվել, նույնիսկ տրանսպորտի գումարն են իրենք վճարել։
«Ես մի դոլար չեմ ստացել դրա համար, իմ ընկերների կողմից եմ ուղարկել, ոչ թե կառավարությունն է կազմակերպել։ Նույնիսկ տրանսպորտի համար եմ ես վճարել, որ հասնի Հայաստան։ Ուզում էի, որ մեր հայ եղբայրներն ու քույրերը ունենան բժշկական սարքավորումներ։ Հայաստանում մի քանի լավ հիվանդանոցներ կան, բայց շատ շրջաններ հիվանդանոցներ չունեն»,- եզրափակել է Սարյանը։