Եթե Արցախի հարցը կարգավորվի, արցախցիները կվերադառնան այնտեղ․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
08 Դեկտեմբերի 2023, 22:20
Alpha News-ի ուղիղ եթերում Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ , Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ասել է, որ մենք ենք հեռացել Արցախից․
«Եթե այսօր Արցախի հարցը կարգավորվի, անպայման արցախցիները կվերադառնան Արցախ։ Բայց քանի որ այդ հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվի, իրենք հետ չեն վերադառնա։ Պետք է պահենք-պահպանենք մեր մշակութային արժեքները, մեր ժողովրդին քարոզենք, որ ձգտեն ոչ թե նյութականի, այլ հոգևորի։ Իրենք գիտեն, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ եղել է։ Մենք ենք հեռացել Արցախից։ Մեր վանքերը, եկեղեցիները, մեր սրբավայրը մեզ են սպասում։ Մենք պիտի վերադառնանք»,- ասել է մեր զրուցակիցը։
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պատմել է, որ խորհրդային տարիներին արցախցիները նույնիսկ չգիտեին՝ ինչպես խաչակնքվել, բայց հավատում էին Աստծուն․
«Խորհրդային տարիներին ոչ մի եկեղեցի Արցախում չէր գործում, սակայն ուրիշ աղանդներ չէին կարող մտնել այնտեղ։ Ժողովուրդը գիտի, որ Գանձասարը մեր եկեղեցին է, անկախ նրանից, թե ինչպես են հավատում նրանք, տոնական օրերը գիտեն, թե չգիտեն, միևնույն է, սիրում, հարգում ու ընդունում են։ Իրենք ընդունում էին, որ կա եկեղեցի, կա Աստված, բայց օրենքները չգիտեին։ Խորհրդային տարիներին էլ այդպես էր։ Բայց 89թ․, երբ վերաբացվեց Արցախի թեմը, առաջնորդ նշանակվեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, առաջին եկեղեցին, որ օծվեց, Գանձասարի վանքն էր։ Ժողովուրդը եկավ, չգիտեր՝ ինչպես խաչակնքվեր, ինչպես աղոթել, բայց ընդունում էր, որ Աստծո տաճարն է, Աստծո տունն է»,- եզրափակել է մեր զրուցակիցը։