Եթե Արցախի մասին խոսքը պիտի խանգարի խաղաղությանը, ապա ի՞նչ արժեք ունի այն. Մերի Դավթյան
19 Օգոստոսի 2025, 20:00
Եթե արցախցիների վերադարձի թեման փակ է, ապա այդ խաղաղությունն ո՞ւմ համար է: Alpha News-ի հետ զրույցում նման հարցադրում է արել «Գանձասար» մատենադարանի գիտամշակութային կենտրոնի տնօրեն Մերի Դավթյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ղարաբաղյան հարցը փակված է:
«Եթե Արցախի մասին խոսքը պիտի խանգարի խաղաղությանը, ապա ի՞նչ արժեք ունի այդ խաղաղությունը: Խաղաղությունը հենց նրա համար է, կամ այն դեպքում է, երբ բոլորը բոլորի հետ հաշտվում են, սահմանները բացվում են, ով որտեղ ուզում գնում է: Եթե մեր վերադարձի թեման փակ է, ապա այդ խաղաղությունն ո՞ւմ համար է: Դիսոնանս առաջացնող դիրքորոշում է, բայց այնպես չէ, որ նորություն է մեզ համար, և այնպես չէ, որ ասվածի հետ համակերպվել ենք»,- նշել է նա:
Հարցին, թե ինչպիսին է նրա պատկերացրած արդար լուծումը իր և իր սերունդների ապագայի համար, Դավթյանն ընդգծել է.
«Պետք է անդադար պայքարել բոլոր ձևերով՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական: Եթե ուզում ես հասնել քո ուզածին, ապա պետք է պատրաստ լինես շատ մեծ քայլերի, համենայն դեպս այդ համարձակությունն ունենաս։ Ալիևը չհամակերպվեց իր պարտության հետ ու տարիների ընթացքում գնաց վերադասավորման ճանապարհով, այլ ոչ թե զիջողական, նվաստացուցիչ, պայմանական ինչ-որ խաղաղություն մուրաց»: