Եթե Արցախի նախագահը չի դատապարտում Փաշինյանին, անուղղակի թույլ է տալիս Արցախի բռնակցումը Ադրբեջանին. պատգամավոր
18 Հուլիսի 2023, 17:30
Ստեփանակերտի ընդդիմությունը կարծում է, որ եթե Արցախի նախագահը չի դատապարտում Նիկոլ Փաշինյանին, անուղղակի թույլ է տալիս Արցախի բռնակցումը Ադրբեջանին: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով Արցախում մի քանի օր ընթացող համաժողովրդական անժամկետ շարժումն՝ ընդդեմ Արցախի շրջափակման:
«Եթե նա հստակ չի ասում՝ դու իրավունք չունես խոսել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա հակասում է Գերագույն խորհրդի որոշմանը, եւ քո ընդունած ցանկացած որոշում կամ ստորագրած պայմանագիր հակասահմանադրական է ճանաչվելու, իսկ հայ ազգը քեզ չի ներելու, ապա անուղղակիորեն թույլ է տալիս Փաշինյանին՝ շարունակել նման գործելաոճով Արցախը բռնակցել Ադրբեջանին»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Պատգամավորը կասկածներ ունի, որ Ստեփանակերտում տեղի ունեցողը իրականում պայքարի իմիտացիա է. «Եթե մենք գիտենք, թե ինչ պատճառներով ենք շրջափակման մեջ հայտնվել ու ով է դրա մեղավորն ու պատասխանատուն, եւ գնահատականներ չենք տալիս ստեղծված իրավիճակին ու դրա մեղավորներին, ապա, իհարկե, կասկածների տեղիք է տալիս, որ այս շարժումը պայքարի իմիտացիա է: Եթե մենք ուզում ենք պահանջատեր լինել միջազգային հանրությունից, ապա այդ հանրությունը մեզ հակափաստարկ կբերի, որ ընդհուպ, Հայաստանն է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, եւ մենք պետք է համակերպվենք ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնենք՝ ելնելով նոր իրողություններից»:
Պատգամավորի խոսքով, պետք է շեշտել, թե ում վարած քաղաքականության արդյունքում ունեցանք այսպիսի իրավիճակ: Արցախցի պաշտոնյային չի զարմացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որում նա կարեւորել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովել:
Հիշեցնենք՝ Միշելն այս հայտարարությունն արել էր հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից հետո:
«Շառլ Միշելը կյանքի է կոչում այն ծրագիրը, որը 2018 թ.-ից աշխատում է մեր դեմ՝ հայ ազդի դեմ: Այդ ժամանակահատվածից հայկական կողմը սկսել է զիջողական կեցվածքով բանակցություններ վարել, իսկ 2020 թ. մեզ գիտակցաբար տարան պատերազմի եւ, հաշվի առնելով, որ մինչեւ այսօր այդ պարտության մեղավորները շարունակում են հայ ազգի ճակատագրին վերաբերող հարցերում բանակցություններ վարել, մենք պարտություններ ենք ունենալու նաեւ քաղաքական դաշտում: Այստեղ հարցը Շառլ Միշելը չէ եւ ոչ էլ՝ որեւէ երկրի առաջին դեմքը, այստեղ խնդիրը հայ ազգը ներկայացնողն է, որը չի խոսում հայ ազգի շահերից, այլ նրան պարտադրում են կատարել այն ամենը, ինչ նա այսօր կատարում է հայ ազգի գլխին, իսկ այդ դեպքում մենք այլ երկրի առաջնորդից նեղանալու իրավունք չունենք»,- ասել է Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք՝ արցախցիները հուլիսի 14-ից համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացրել Կարմիր խաչի արցախյան գրասենյակին եւ ռուս խաղաղապահներին:
Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:
Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: