Եթե Արցախը անցավ Ադրբեջանին, մենք ենք մեղավոր լինելու. ֆրանսիացի պատգամավոր

04 Հունիսի 2023, 23:00

Հայեր

Փարիզի սրտում՝ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում, ֆրանսահայերը ի պաշտպանության Արցախի անկախության, արցախցիների ինքնորորշման իրավունքի իրացման և ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ քաղաքականության հանրահավաք են անցկացրել: Նրանք դրանով նախ ուղերձ են հղել արցախահայությանը, որ նրանք մենակ չեն իրենց պայքարում:

Բողոքի ակցիային մասնակցել են բազմաթիվ հանրահայտ հայեր, որոնց թվում եղել են նաև Ազնավուր ընտանիքը, Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բարձր պաշտոններ զբաղեցնող ծագումով հայեր և Արցախի հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծմամբ մտահոգված ֆրանսիացի պատգամավորներ:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին իր ելույթում ասել է, որ ժամանակակից աշխարհի՝ Եվրոպայի, Միացյալ Նահանգների քաջալերմամբ, օրհնությամբ բանակցություններ են ընթանում, բայց իրականում դրանք նպաստում են միայն Արցախի բռնազավթմանը, քանի որ դրանք տեղի են ունենում այն նույն պահին, երբ Արցախում կին, մանուկ, թե տարեց՝ 120.000 մարդ բանտարկված է դիկտատոր պետության կողմից, որը այսօր՝ 2023 թվականին, ապացուցում է, որ բռնի ուժով կարելի է հարց լուծել՝ անցնելով բոլոր օրենքների վրայով.

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայերն անվտանգ լինեն, քանի որ նրանք իրավունք ունեն ապրելու խաղաղ և անկախ իրենց հողում: Ու եթե վաղը Արցախն անցնի բռնարար Ալիևի տիրապետության տակ՝ մենք ենք մեղավոր լինելու, որ թույլ ենք տվել՝ դա տեղի ունենա: Լսել եք, թե ինչ է ասել Ալիևը, նա պատրաստվում է շների նման քշել հայերին Ղարաբաղից: Հետո ոչ ոք չասի, որ չի լսել այդ խոսքերը», — ընդգծել է Բելամին:

Իսե լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը պատմել է, որ Հայաստանում Փաշինյանին ասել է՝ չդավաճանի իր ժողովրդին.

«Ես ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի զավակն եմ: Պապիս գերեզմանին երդվել եմ, որ երբեք ու երբեք չեմ լքի հայերի գոյաբանության համար մղված պայքարը: Արցախի այժմյան տեսլականի համար մենք ունենք մեր աչքի առջև Նախիջևանի օրինակը. ահա ձեզ փաստ, թե ինչ է սպասվում արցախցիներին, եթե չկանխվի այս ամենը: Նախիջևանում ջնջեցին, մաքրեցին նույնիսկ հայկական գերեզմանները: Սա նշանակում է, որ հայերը ոչ միայն ապրելու իրավունք չունեն, այլև մեռնելու: Ես գիշերը չեմ կարողանում քնել այս մտքից, թե ինչ վտանգ է սպառնում իմ հայրենակիցներին, ու չեմ հասկանում մյուս այն հայերին, որոնք քեֆ են անում, հանգստյան օրերն են վայելում», — ասել է Արթուր Խանջյանը:

Տեսանյութն՝ այստեղ