Եթե առկա միտումը շարունակվի, հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան. Բեզպալկո

04 Հոկտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչ սպասել հայ-ռուսական հարաբերություններից։

Փորձագետի կարծիքով, եթե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա միտումը շարունակվի, ապա կարելի է սպասել վատթարացման։

«Եթե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ներկայիս միտումը շարունակվի, ապա, այո, բնական է ակնկալել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և, համապատասխանաբար, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացում կլինի։

Բայց դա կհանգեցնի նրան, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կկորցնի իր տարածքների ևս մի մասը, կբացվի Նախիջևանի և Ադրբեջանի միջև «Զանգեզուրի միջանցքը», և դրանից հետո, ապագայում, կարող է կովկասյան պատերազմ սկսվել, որին կներգրավվեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, անկայունության նոր օջախ կառաջանա։

Բայց առայժմ հուսով եմ, որ ամեն ինչ կսահմանափակվի Ռուսաստանի համար ցուցադրական, խիստ վիրավորական քայլերով, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանի կնոջ այցը Կիև կամ ռուս-ամերիկյան համատեղ զորավարժությունները, այսինքն՝ մոտ ապագայում պաշտոնական դուրս գալ չի լինի, գոնե, ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից»,- ասել է քաղաքագետը։

Խոսելով տարածաշրջանում ռուս խաղաղապահների հետագա ներկայության մասին՝ քաղաքագետն ասել է, որ միգուցե, նրանց մանդատը ավարտվի, քանի որ, ակնհայտորեն, Ստեփանակերտը վերածվել է ուրվական քաղաքի։

«Հնարավոր է, որ ռուս խաղաղապահների մանդատը ավարտվի, և նրանք, համապատասխանաբար, լքեն այս տարածքը՝ համոզվելով, որ հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն չի լինի, դաժան խտրականություն տեղի չունենա, կամ հայ բնակչությունն, իսկապես, վերջնականապես լքել է տարածաշրջանը։ Բայց, սկզբունքորեն, գրեթե ակնհայտ է, որ Ստեփանակերտը վերածվել է ուրվական քաղաքի։ Բայց որքան հասկանում եմ, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց, խաղաղապահները դուրս կբերվեն, քանի որ իրականում Ղարաբաղի խնդիրն ավարտված է, այսինքն՝ լուծվել է, բայց ոչ հօգուտ Հայաստանի»,- եզրափակել է Բոգդան Բեզպալկոն։

Հիմա եթերում