Եթե այս ամենի դեմը չառնենք, ապա արցախցիներին կմատնենք նոր ցեղասպանության. Նժդեհ Գարագավորյան
01 Հունիսի 2023, 16:55
«Զարեհ Սինանյանի՝ նախօրեի հայտարարությունները ամբողջովին արտացոլում են այն հակասությունը, որ կա ազգային գաղափարախոսության տեր և հայրենասեր մարդկանց և միջազգային հանրության ծրագրերով մոլորված մարդկանց միջև», — Alpha News-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել «Նոր սերունդ» երիտասարդական միության նախագահ Նժդեհ Գարագավորյանը՝ մեկնաբանելով Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունն առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, իսկ «օդի մեջ» դրա ճանաչումը ոչինչ չի տալիս հայությանը:
Ֆրանսիայում Հայ Դատի լոբբիին լծված երիտասարդը ընդգծում է, որ այսօր Հայկական հարցի պաշտպանությունն անցնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ճանապարհով, այլ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ սփյուռքահայության անվտանգային հարցերի պաշտպանությամբ, քանի որ թուրքերի և ադրբեջանցիների համար կարևոր չէ, թե որ հայն է ավելի հայրենասեր, ով՝ ոչ, հայատյացության հարցում նրանց համար նշանակություն չունի դաշնակացական կամ հակադաշնակցական լինել-չլինելը:
«Եթե մենք այս ամենի դեմը չառնենք և հայաստանյան ներքաղաքական դաշտում չարձանագրենք լուրջ փոփոխություն, ապա Արցախի մեր հայրենակիցներին պիտի մատնենք նոր ցեղասպանության»,- շեշտել է Նժդեհ Գարագավորյանը և հավելել. «Այս դավաճանական վարչախումբը հնարավորինս արագ պետք է հեռանա երկի ղեկից»:
Հիշեցնենք, որ Նժդեհ Գարագավորյանին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ճանաչել է «Անցանկալի անձ» և նրա մուտքը ՀՀ արգելվել է: Նժդեհը հաճախ էր հայրենիք այցելում, մասնավորապես Արցախում իրականացրել է մարդասիրական բազմաթիվ ծրագրեր:
44-օրյա պատերազմից հետո Նժդեհ ու իր ընկերները լուծել են Արցախի տարբեր գյուղերի բնակիչների գազի մատակարարման հարցը. Երևանից 650 գազի բալոն են գնել, լցրել գազով և իրենց ձեռքերով հասցրել կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մանրամասները լսել աուդիո բաժնում: