«Եթե այսօր հանձնենք Շահումյանը, վաղը կհանձնենք նաև Հայաստանը». Կարոտ Մկրտչյանի պատգամը

19 Փետրվարի 2026, 22:00

Հայեր

Կարոտ Մկրտչյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, Պռոշյան գյուղի կամավորական ջոկատների հրամանատար։ Նա մնացել է ժողովրդի հիշողության մեջ որպես Պռոշյանցի Կարոտ և «Ջամբազի արծիվ»։

Կարոտը ծնվել է 1964 թվականի փետրվարի 19-ին Սիրիայում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա պապը՝ Մովսեսը, Սասունի Տալվորիկ գյուղից էր և ողջ կյանքում սրտում պահել էր հայրենիքի կարոտը։ Այդ կարոտը դարձել է ընտանիքի հիշողության մի մասը։ Երբ Մովսեսի որդու՝ Հովհաննեսի առաջնեկը ծնվել է, նրան անվանել են Կարոտ։

1965 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Կարոտը մեծացել է հայրենասիրական մթնոլորտում, զբաղվել ըմբշամարտով և դրսևորել առաջնորդական հատկանիշներ։

1989 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1988 թ. սկսված Արցախյան ազատամարտի առաջատարներից մեկն էր, և ուսանողների շրջանում կատարում էր լայնածավալ քարոզչական աշխատանք։

Կարոտը շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին։ Նա դարձել է Պռոշյանում դաշնակցական կամավորական ջոկատների կազմակերպիչներից և հրամանատարներից մեկը։ Մարտական ընկերները նրան կոչում էին «Ջամբազի արծիվ»՝ քաջության և ռազմական արիության համար։

 «Թշնամու գնդակը երբեք ինձ չի դիպչի։ Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասները բաց կմնան։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում։ Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»,- ասել է Կարոտը։

Հասկանալով ողջ վտանգը՝ նա ընդունում է գիտակցված որոշում, որը հավասարազոր էր մահվան։ Գիտակցելով, որ թշնամու հարյուրավոր զինվորներ արդեն բարձունքներում են, Կարոտն, այնուամենայնիվ, որոշել է բարձրանալ դիրքերը, գնահատել իրավիճակը և, հնարավորության դեպքում, փորձել հետ գրավել հենակետը։ Այդպես սկսվում է նրա վերջին վերելքը դեպի Ջամբազ՝ վերելք դեպի անմահություն։

Կարոտ Մկրտչյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։ Նրա անունը դարձել է ազգային գաղափարին նվիրվածության և Արցախի անկախության համար պայքարի խորհրդանիշ։ Հայաստանում և Արցախում նրա հիշատակը հավերժացվել է հրապարակումներում, հուշագրություններում և հասարակության հիշողության մեջ։

Կարոտ Մկրտչյանի կյանքը դարձել է հայրենիքի կարոտի, ազատության ձգտման և ինքնազոհության խորհրդանիշ։ Նա անձնազոհաբար պայքարում էր Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Կարոտի կերպարը մնացել է ժողովրդի հիշողության մեջ և այսօր էլ ոգեշնչում է նոր սերունդներին։