Եթե Բաքուն բողոք ունի Երասխի ձուլարանի մասով, ապա պետք է դիմի ԷՍՊՈ կոնվենցիայի քարտուղարություն
14 Հունիսի 2023, 19:25
«Էսպո» կոնվենցիայով շատ հստակ սահմանված են այն բոլոր գործողություններն ու պատասխանատվության շրջանակը, որը պետք է ապահովի այն ստորագրած երկիրը: Կոնվենցիայով սահմանված կետերը որևէ կերպ չեն վերաբերվում Երասխում կառուցվելիք գործարանին»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Վիրավորում են ստացել երկու օտարերկրյա քաղաքացի: Գործարանի աշխատանքները կասեցվել են: Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ գործարանի կառուցումը Երևանը չի համաձայնեցրել Բաքվի հետ, ինչը «Էսպոյի» խախտում է:
Բնապահպանը անտեղի է համարում Ադրբեջանի պնդումը, թե Հայաստանը Էսպոյի համաձայն, տեղեկատվություն չի տրամադրել Բաքվին, որ պատրաստվում է Երասխում գործարան կառուցել:
«Թե ՇՄԱԳԸ և թե եզրակացությունը վաղուց դրված են պաշտոնական կայքում, այն կողմը ստում է՝ ինֆորմացիան բաց է»,- ընդգծում է Ինգա Զարաֆյանը:
Նա թվարկում է արտադրական գործունեության այն բոլոր տեսակները, որոնք վերահսկվում են «Էսպոյի» կոնվենցիայով.
«Մեծ Նավթատարներ, մեծ գազատարներ, ազդեցություն ջրային ռեսուրսների վրա»,-ասում է Զարաֆյանը: Նկատում է՝ այս բոլորը վերաբերվում են ոչ թե Երասխի նոր կառուցվելիք գործարանին, այլ Ադրբեջանի շատ ու շատ գործարաններին:
Բնապահպանի խոսքով կոնվենցիայով սահմանված արտադրությունները հիմնականում վերաբերվում են գունավոր մետաղների արտադրությանը, մինչդեռ Երասխի գործարանում այդ մասին խոսք չկա:
«Երասխում կառուցվող գործարանը ստացել է ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը: Ըստ փաստաթղթերի այնտեղ նախատեսված է մաքրման մի քանի փուլ, որպեսզի նվազագույնի հասցվեն արտանետումները՝ 90 տոկոսից ավելի»,- ասում է բնապահպանը և հավելում. «թե ինչպես այդ ամենը կաշխատի, դա արդեն ուրիշ հարց է»,- ասում է Ինգա Զարաֆյանը:
Նրա մեկնաբանմամբ Էսոյի և Անդրսահմանային արտանետումների մասին կոնվենցիայում խոսվում է SO2 քիմիական արտանետումների մասին, մինչդեռ առնվազն ըստ փաստաթղթերի, Երասխի գործարանը կարող է արտանետել միայն CO2:
«Եթե Բաքուն բողոք ունի, ապա պետք է իր հիմնավորումները ներկայացնի կոնվենցիայի քարտուղարություն, ինչը մինչ այժմ չի արել»,- ասում է Զարաֆյանը:
«Կոնվենցիան հստակ նախանշում է, որ իր կարգավորումները վերաբերվում են միայն մեծ գործարաններին, մինչդեռ Երասխի մետալուրգիական գործարանը մեծ չէ»,- եզրափակում է Ինգա Զարաֆյանը: