Եթե Բաքուն համաձայնվի, արցախցիների վերադարձի շուրջ երկխոսությունը կարող է սկսվել շատ շուտ. Շահինյան
20 Մարտի 2025, 22:30
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախագիծ։46 անդամներից 29-ը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշանությանը հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ:
«Կստեղծվի այս հարթակը, թե ոչ՝ կախված է Ադրբեջանի, Հայաստանի և ամենակարևորը Արցախի ներկայացուցիչների տրամադրվածությունից: Սա նշանակում է, որ մեկ տարի անց ԱԳՆ-ն կարող է գալ և ասել՝ մենք փորձեցինք, բայց չստացվեց: Բանաձևի հեղինակները 2 պատգամավորներ են, որոնք նաև Արտաքին գործերի հանձնախմբում են աշխատում: Հարթակի հիմնական երկու բևեռները Ադրբեջանն ու արցախցիների ներկայացուցիչներն են, և պարտադիր չէ Հայաստանը ներգրավված լինի այս ամենին, հատկապես հիմա, երբ երկիրը մի շարք խնդիրներ ունի լուծելու»,- նշել է Շահինյանը:
Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ եթե Ադրբեջանը մերժի արցախցիների ներկայացուցիչների հետ բանակցությունը, Շվեյցարիան այլևս ոչինչ չի կարողանա անել:
«Բանաձևում արցախցիների կարգավիճակի մասին խոսք չկա, կա ապահովության մասին ընդգծում: Եվ եթե Բաքուն համաձայնի, ապա արցախցիների վերադարձի շուրջ երկխոսությունը կարող է շատ շուտ սկսվել: Բայց ես շատ խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը պատրաստակամություն կցուցաբերի: Իսկ այդ դեպքում Շվեյցարիան այլևս ոչինչ չի կարողանա անել»,- եզրափակել է Շահինյանը: