Եթե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը չստորագրվի Մոսկվայում, դա ոչ մի լավ բանի չի բերի. Ասլան Ռուբաև

04 Օգոստոսի 2025, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, հետխորհրդային երկրների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

Փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդվել տարածաշրջանում՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունն այն մասին է, որ նա կկանգնեցնի պատերազմը, այն, իհարկե, Թրամփի ոգով է, և դա վկայում է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորման մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության բարձր աստիճանի մասին։ Այնուամենայնիվ, հիմա հաստատ կարող ենք ասել, որ այս պատերազմի հենց սկզբից Նահանգներն իրենց պրոքսի ուժերի միջոցով ներգրավված են եղել այս պատերազմում, նրանք կարգավորել են այս պատերազմը, ինչպես միշտ, ուրիշների ձեռքերով։

Եվ հիմա Թրամփը ցանկանում է սպիտակ ձիու վրա նստած ասպետի նման երկու երեխաներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և դուրս գալ որպես հաղթող, խաղաղարար: Նա այդ ամենն անում է, որ, ինչպես հասկանում եմ, Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա։ Ուկրաինայի հետ չի ստացվում, բայց փոխարենը դա կարող է անել իր խամաճիկների հետ, և պետք է նշել, որ Փաշինյանը արևմտյան խամաճիկ է, նույնքան խամաճիկ, որքան Ալիևը», — ասել է Ռուբաևը։

Փորձագետի կարծիքով՝ եթե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը չստորագրվի Մոսկվայում, ապա այն ոչ մի լավ բան չի բերի Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի համար:

«Եվ պետք է, իհարկե, հասկանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտիվացիան։ Նահանգների այս ակտիվ միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում արտացոլում է տարածաշրջանում ամրապնդվելու ԱՄՆ-ի վաղեմի ձգտումը՝ նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանը, Իրանը և վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասի ենթակառուցվածքների զգալի մասը, ինչը թույլ կտա ամերիկացիներին վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանի և՛ տնտեսական, և՛ էներգետիկ ենթակառուցվածքային բազան: Այստեղ, իհարկե, Թրամփը մեկ հարվածով մի քանի նապաստակ է սպանում և իր հաշվին զգալի միավորներ է ավելացնում։ Բայց Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի համար խաղաղության պայմանագրի ստորագրումը ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ հեռանկարում ոչ մի լավ բանի չի բերի, եթե այն չստորագրվի Մոսկվայում» — եզրափակել է Ռուբաևը։

Հիմա եթերում