Եթե չապրեմ Արցախի անկախությունը տեսնելու հույսով, ուրեմն ապրելն անիմաստ է. Արամ Բեքերյան
05 Ապրիլի 2024, 22:55
Երբ վեհափառին ես հարվածում, նշանակում է՝ եկեղեցուն ես հարվածում: Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ազգային, հասարակական գործիչ Արամ Բեքերյանը:
«Հայաստանի իշխանությունը միշտ ասել է՝ նախկինները թալանել են: Այդ «թալանչիները», այդ «թալանող» ղեկավարները մինչև այսօր պահել էին հայրենիքը, պահել էին Արցախը: Ժողովուրդը կամաց-կամաց դեպի լավն էր գնում: Բայց այդ ժողովուրդը կարծում էր, որ այս ղեկավարությունը կարող է փրկություն լինել իրենց համար: Իմ կարծիքով՝ շատ մեծ սխալ ենք գործել: Երբ այսօրվա ղեկավարությունը դպրոցներից փորձեց հանել «Հայոց պատմություն» առարկան, արդեն պարզ դարձավ, որ սխալ ղեկավարություն է: Դրան հաջորդեց Վեհափառին ուղղված հարվածները: Մեկ բան կասեմ՝ երբ վեհափառին ես հարվածում, նշանակում է՝ եկեղեցուն ես հարվածում: Ոչ թե այդ անձին մարդկային, ֆիզիկական վնաս ես հասցնում, այլ եկեղեցուն ես վնասում»,- ասել է Արամ Բեքերյանը:
Նրա խոսքով՝ թուրքերն ունեն խորամանկ ղեկավարներ, իսկ հայերը՝ անազգասեր։
«Մեր ղեկավարությունը շատ էժան ձևով երկիրը նվիրում է թուրքերին, ադրբեջանցիենրին: Թուրքերը խորամանկ ղեկավարներ ունեն, մենք՝ ոչ: Մենք ունենք միայն անազգասեր անձինք, և անկազմակերպ, չմիավորված ղեկավարություն: Իմ խրատն է՝ այսօրվա ղեկավարությունից մեկ վայրկյան առաջ ձերբազատվել ու ունենալ ազգասեր, ազգանվեր ղեկավարություն, որ մեր հայրենիքը կարողանա փոսից դուրս հանել»,- նշել է մեր զրուցակիցը:
Բեքերյանը հույսով է՝ կտեսնի Արցախի անկախությունը։
«Մեր պատմության մեջ, դժբախտաբար, միշտ ունեցել ենք դավաճաններ: Նրանք պետք է իրենք ձերբազատվեն իրենց պարտականություններից ու գնան երկրից, իսկ հայրենիքում մնան նրանք, որոնք իսկապես ազգասերներ են:
Հուսով եմ, որ կտեսնեմ Արցախի անկախությունը, եթե այդ հույսով չապրեմ, ուրեմն ապրելն անիմաստ է: Եթե չունենանք ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարախոսությունը մեր մեջ, մենք հայրենիքում իրավունք չունենք ապրելու»,- եզրափակել է Արամ Բեքերյանը: