Եթե չեք ուրանում Հայոց ցեղասպանությունը, ապա ինչո՞ւ եք դեմ դրա քրեականացմանը. Քրիստինե Վարդանյան

22 Ապրիլի 2025, 18:37

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը քրեականացնել: Ընդդիմադիր խմբակցությունը նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին այսօր հայտարարեց խորհրդարանի ամբիոնից, ինչը լայն արձագանք ստացավ: Ավելին՝ պատճառ դարձավ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև վեճի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծն ի պատասխան Հայաստանում վարվող պետական քաղաքականության է:

«Այս նախագիծն ի պատասխան պաշտոնյաների է, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը, նսեմացնում են այն, ասում են, որ պետք է ճշտել զոհերի քանակը, հարցնում են, թե ինչպես ցեղասպանություն տերմինը հայտնվեց մեր պատմության մեջ: ՔՊ-ական պատգամավորներն արդեն իսկ մանիպուլացնում են, թե նման օրենք կա, խոսքը Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի մասին է, բայց սա սուտ է, որովհետև գործող օրենքը նախատեսում է, որ եթե ցեղասպանությունը ժխտվել է որևէ հիմնավորմամբ՝ ատելության քարոզ, ռասսայական խտրականություն, ապա այդ դեպքում է պատժելի, և այս օրենքը չի տարածվում Փաշինյանի կամ այլ պաշտոնյաների հայտարարությունների վրա, որոնք արվել են առանց ատելության քարոզի և նսեմացրել են ցեղասպանությունը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Ըստ պատգամավորի՝ օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար սահմանել 4-ից 6 տարի ազատազրկում, բայց պաշտոնյաների դեպքում այլ պատիժ է սահմանվելու, ավելի խիստ, կախված, թե ով ու ինչ միջոցով է ուրացել Հայոց ցեղասպանությունը:

«Մենք խնդիր ունենք ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին պաշտոն զբաղեցնող անձանց հետ, որոնք սկսում ենք ուրանալ, ժխտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես անում են թուրքական պետության ներկայացուցիչները»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Իշխող ուժին կարծես դուր չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նոր օրինագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված արդեն կա Քրեական օրենսգրքում: Այս առնչությամբ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց.

«Եթե որևէ մեկը ուրացման հետ խնդիր չունի, ուրացման քաղաքականություն չի վարում, ապա Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող նախագծին ինչո՞ւ է դեմ: Եթե ես իշխանություն լինեի, որևէ խնդիր չունենայի ուրացման դեմ, մեծ հաճույքով կընդունեի այն, որովհետև այն երբեք ինձ, իմ թիմին չէր վերաբերվի: Այն նաև կանխարգելիչ գործոն կլիներ հետագա բոլոր իշխանությունների համար»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էր այսօր հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ են շրջանառության մեջ դրել: Ընդդիմադիր պատգամավորը շեշտել էր, որ այդ նախագծի մի կողմում ազգային հիշողությունը, արժանապատվությունը ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու ազգի թշնամիներն են:

Մինասյանն ասել էր, որ քաղաքական մեծամասնությունը առաջիկայում ընտրության հնարավորություն կունենա և հույս էր հայտնել, որ գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը:

Այս հայտարարությունից հետո լեզվակռիվ էր սկսվել ԱԺ նախագահի և Արծվիկ Մինասյանի միջև, դրան հաջորդած ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակն ավելի էր լարվել: «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները վեճի էին բռնվել, քաշքշոց էր սկսվել:

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ դա հերթական սադրանքն էր իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում: