Եթե չկա եռակողմ պայմանավորվածություն, ռուս խաղաղապահները չեն կարող ոչինչ տեղափոխել Արցախ. քաղաքագետ

27 Հուլիսի 2023, 17:47

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը կարծում է, որ Մոսկվայում կայացած Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը Հայաստանից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, այլապես Ռուսաստանի արտգործնախարարը կհայտարարեր այդ մասին:

«Բայց մենք տեսանք, որ Հայաստանից որոշեցին Արցախ հումանիտար օգնությունն ուղարկել եռակողմ հանդիպումից մեկ օր անց, ես այստեղ տեսնում եմ հերթական հակառուսական դրսեւորումը: Իշխանական քարոզչամեքենան էլ ասում է, որ Արցախ հումանիտար բեռ են ուղարկել, բայց նույնիսկ դրա տեղափոխումը ռուսական կողմը չի կարողանում իրականացնել, բայց բոլորս հասկանում ենք չէ՞, որ այս տոտալ շրջափակման պայմաններում, եթե չլինի եռակողմ հստակ պայմանավորվածություն, ապա ռուս խաղաղապահները, որոնք կանգնած են Հակարիի կամրջի՝ ադրբեջանական անցակետի մոտ, չեն կարող ոչինչ տեղափոխել Արցախ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ արցախցիները պատանդ են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում:

Բենիամին Մաթեւոսյանը չի բացառում, որ արցախցիները ստիպված լինեն ընդունել այդ օգնությունը Աղդամի ճանապարհով, ինչը Ադրբեջանի նպատակն է:

«Հայաստանի իշխանությունները իրավիճակն այն աստիճանի են հասցնելու, որ արցախցիներին ստիպեն ընդունել այդ երկու օրվա սնունդը Աղդամի ճանապարհով: Կստացվի այն, ինչ ուզում էր Ադրբեջանը: Այսինքն՝ ոչ միայն կստիպեն արցախցիներին նստել Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ, այլեւ կստիպեն օգտվել Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ գտնվող ճանապարհից, որտեղ ռուս խաղաղապահներ չկան»,- ասաց քաղաքագետը:

Հիմա եթերում