Եթե Երևանը ցանկանում է ուղղակիորեն պայմանավորվել Բաքվի հետ, ապա «ի սեր Աստծո», թող պայմանավորվի. Լավրով
02 Սեպտեմբերի 2024, 15:16
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման համար ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ առանց Ռուսաստանի մասնակցության, ապա «ի սեր Աստծո», թող բանակցեն։
«Նույն կերպ մենք հիմա անհանգստանում ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ պայմանավորվածությունները նույնպես կասեցվել են։ Ես նշեցի տրանսպորտային հաղորդակցության վերսկսման մասին և հիշատակեցի եռակողմ հանձնաժողովի մասին, որը դրանով զբաղվում էր, այն այժմ գրեթե այլևս չի աշխատում։ Երևանը կարծում է, որ դա պետք է անել ուղղակիորեն Ադրբեջանի հետ, բայց եթե նրանց մոտ ստացվի, ապա ի սեր Աստծո», — ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների առջև։
Լավրովը նշել է, որ պետական սահմանի դելիմիտացիայի հարցում Ռուսաստանը պետք է խորհրդակցի այդ գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում:
«Ոչ, նրանք չեն ուզում, և միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Փարիզին, ներգրավել ցանկացած գործընթացի։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։