Եթե Հարիսն ընտրվի, նշանակում է՝ Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակելու է խորանալ. Անդրանիկ Հովհաննիսյան

06 Նոյեմբերի 2024, 11:05

Քաղաքականություն

Քամալա Հարիսի ընտրվելու դեպքում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտնել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Միացյալ Նահանգները շարունակում է մնալ գերտերություն ու ամենաուժեղ պետություններից մեկը: Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում ԱՄՆ-ում, չեն կարող չազդել աշխարհի, հատկապես՝ տարբեր տարածաշրջանների վրա, որտեղ Միացյալ Նահանգներն ունի իր հետաքրքրությունը:

Եթե վերցնում ենք երկու թեկնածուների քաղաքական դիրքորոշումները, ապա կարող ենք նշել՝ եթե ընտրվի Հարիսը, նշանակում է, որ Ռուսաստանի հետ լարվածությունը շարունակելու է խորանալ, Եվրամիությունն, օրինակ, ստիպված է լինելու ենթարկվել ԱՄՆ-ի քաղաքականությանը և բավականին թեժ պահել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Զուգահեռ նաև այն քաղաքականությունը, որ այսօր Միացյալ Նահանգները վարում է Մերձավոր Արևելքում, դա շարունակվելու է, այսինքն՝ աջակցելու են Իսրայելին, շարունակելու են Իրանի նկատմամբ այդ նույն քաղաքականությունը վարել, նույնն էլ լինելու է Չինաստանի նկատմամբ: Դա նշանակում է, որ կտրուկ փոփոխություններ չեն լինի, եթե ընտրվի Հարիսը»,- կարծում է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Թրամփի ընտրվելու դեպքում Չինաստանն ԱՄՆ-ի համար կդիտարկվի որպես խանգարող ուժ:

«Իսկ ինչ կլինի,եթե ընտրվի Թրամփը: Հայտնի է, որ ինքն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ կարող է որոշակի փոփոխություններ մտցնել, հատկապես՝ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներ-Չինաստան հարաբերություններին: Հանրապետականները միշտ էլ Չինաստանն են դիտարկում որպես գերտերություն, որն իրենց հիմնական խանգարող ուժն է՝ իրենց աշխարհաքաղաքական դիրքերը ամրապնդելու հարցում: Իրենց քաղաքականությունը փորձելու են սևեռել Չինաստանի վրա:

Իրականում, ԱՄՆ-ի համար գլխավոր թիրախը կդառնա Չինաստանը՝ որպես տնտեսական օպոնենտ: Իրանի նկատմամբ, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն ունի հակասություններ: Այդ հարցում իրենք կփորձեն օգնել Իսրայելին: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Վրաստանի պարագայում վերջին ընտրություններից հետո։ Վրաստանում ընդդիմությունը փաստացի սպասում է, թե ինչպիսի արձագանք կհնչի Վաշինգտոնից ու Բրյուսելից: Ստացվում է՝ Վրաստանում ընդդիմությունն ինքնուրույն չէ»,- նկատել է Անդրանիկ Հովհաննիսյանը: