Եթե Հայաստանի դեմ ագրեսիան սկսվի, Ռուսաստանը պետք է կատարի իր դաշնակցային պարտավորությունները. Նիկոլայ Սիլաև

27 Սեպտեմբերի 2023, 18:02

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի գործողությունները՝ Հայաստան ադրբեջանական հնարավոր ներխուժման ժամանակ։

«Եթե ագրեսիա սկսվի հենց Հայաստանի դեմ, ապա Ռուսաստանը պետք է կատարի իր դաշնակցային պարտավորությունները։ Ղարաբաղի հետ կապված նման պարտավորություններ չեն եղել, իսկ Հայաստանի հետ կապված այդպիսի պարտավորություններ կան։ Եթե Ռուսաստանը չմիջամտի, նշանակում է, որ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները և խարխլում է Ռուսաստանի հեղինակությունը և իր ունեցած այլ դաշինքների համակարգը։ Ռուսաստանը ձգտում է նրան, որ նման ընտրության առաջ ստիպված չլինի կանգնել»,- ասել է փորձագետը։

Ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների հետ կապված կոնսենսուս կա.

«Ոչ ոք դեմ չէ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը։ Խոսքը պարզապես կարգավիճակի մասին է: Իսկ կարգավիճակը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- ընդգծել է Սիլաևը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հարցին, Նիկոլայ Սիլաևը իրադարձությունների նման զարգացումը միանգամայն իրատեսական է համարել։

«Սա հնարավոր, թեև քիչ հավանական սցենար է։ Տարածաշրջանում այս սցենարը տհաճ է բոլորի՝ Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար»,- եզրափակել է Սիլաևը։