Եթե ՀՀ-ն ցանկանում է անբարյացակամ վերաբերմունք դրսևորել ՌԴ-ի նկատմամբ, մենք ստիպված կլինենք պատասխանել դրան. Դմիտրի Ժուրավլյով
20 Հոկտեմբերի 2023, 23:30
Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարությունների ֆոնին։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը հաճախ փորձում է հարաբերություններ պահպանել, նույնիսկ այն դեպքերում, երբ այլ երկրի իշխանությունը դա չի ցանկանում։
«Մեր հարաբերությունների տեսլականը բարդ է, քանի որ Ռուսաստանը հաճախ փորձում է հարաբերություններ պահպանել նույնիսկ այն դեպքերում, երբ այլ երկրի կառավարությունը չի ցանկանում դրանք պահպանել։
Օրինակ, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը, անկասկած, լուրջ և օբյեկտիվ ցուցանիշ է, բայց դա ավելի շատ մեր ընկերասիրության, քան ընկերության ցուցիչն է։ Սա ավելի շատ մտադրություն է, քան իրականություն, քանի որ, եթե պարոն Փաշինյանն այդքան ակտիվորեն Հայաստանի քաղաքականությունը տանում է Արևմուտքի ուղղությամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի կատաղի դիմակայության պայմաններում, ապա հասկանում եք, որ մենք բարեկամության մեջ չենք հաջողի»,- ասել է Ժուրավլյովը:
Նրա կարծիքով, մեր ժողովուրդների միջեւ, անկասկած, թշնամություն չի լինի, քաղաքական մակարդակով պատասխան քայլեր կլինեն։
«Թշնամություն չի լինի, անկասկած, որովհետև մենք բարեկամ ժողովուրդներ ենք, երկար դարեր միասին ենք ապրել, ռուս-հայկական հակամարտությունների մասին ոչ ոք երբեք չի խոսել։ Ազգային մակարդակում, ես վստահ եմ, որ հարաբերությունները նույնքան լավը կմնան։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա մենք փորձում ենք բարի նպատակներով պահպանել տնտեսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա դա միայն մեզանից կախված չէ:
Եթե Հայաստանի ղեկավարությունն այդքան հստակ կողմնորոշվում է Արևմուտքի հետ բարեկամության ուղղությամբ, եթե հանուն այդ բարեկամության դրսևորման, ցանկանում է ցույց տալ իր անբարյացակամ վերաբերմունքը մեր նկատմամբ, մենք ստիպված կլինենք դրան արձագանքել քաղաքական մակարդակով, բայց ոչ ռազմական կամ որևէ այլ մակարդակներում:
Ես լիովին հասկանում եմ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, նրանք կարծում են, որ վերցրել են այն ամենը, ինչ կարելի էր վերցնել Ռուսաստանից։ Իսկ հիմա Հայաստանի իշխանությունը նոր ընկերներ է փնտրում: Տրամաբանական է, խելամիտ է»,- ասել է քաղաքագետը։
Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը՝ ի պատասխան Հայաստանի ոչ բարեկամական քայլերի, փորձագետն ասել է, որ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ քայլեր կանի ՀՀ կառավարությունը։
«Եթե մենք, պարզապես, խոսում ենք ինչ-որ հայտարարությունների մասին, ապա մենք մերը կանենք։ Բայց, եթե խոսքը ինչ-որ գործողությունների մասին է, ապա դիվանագիտական ավանդույթն՝ ինքնին, պահանջում է յուրաքանչյուր գործողության պատասխանել համապատասխան գործողությամբ»,- եզրափակել է Ժուրավլևը։