Եթե Հայաստանը չդադարեցնի վաշինգտոնյան բանակցությունները, կնշանակի՝ սպասարկում է Ադրբեջանի օրակարգը. Արցախի պատգամավոր

28 Հունիսի 2023, 18:36

Քաղաքականություն

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է, որ Հայաստանը չի դադարեցնի Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանի ընդունած հայտարարությանը:

«Այդ հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի վարչապետը շնորհավորեց Թուրքիայի նախագահին՝ մուսուլմանական տոնի առիթով: Իրենք կարող են պատճառաբանել, որ դա քաղաքականություն է եւ, անկախ ամեն ինչից, պետք է քաղաքականություն վարել, բայց այսօր հերթական անգամ ապացույց ունեցանք, որ իրենց վարած քաղաքականության հետեւանքով մենք կարճ ժամանակ անց զրկվելու ենք Արցախից, նաեւ կասկածի տակ է դրվելու Հայաստանի պետականությունը: Եթե Հայաստանը չդադարեցնի վաշինգտոնյան բանակցությունները, դա կնշանակի, որ ամբողջությամբ սպասարկում է ադրբեջանական օրակարգը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Արցախցի պատգամավորի համոզմամբ՝ խաղաղության օրակարգը կեղծ է, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են այն առաջ տանել: Նրա դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման այլընտրանքը այն չստորագրելն է:

«Որովհետեւ պայմանավորվածություններն իրենց իսկ ստորագրությամբ չհարգող ագրեսոր պետության հետ չի կարելի գնալ եւ ստորագրել խաղաղության պայմանագիր: Որովհետեւ խաղաղության օրակարգի ստեղծման, քննարկման ժամանակ Ադրբեջանը կեղեքում, ահաբեկում, սպանում է իրենց անվտանգությունը պաշտպանող մարդկանց, իսկ վերջին 7 ամիսներին էլ՝ զրկել է իրենց հայրենիքում ապրելու իրավունքից:

Իսկ սրան զուգահեռ Արցախը ներկայացնող Հայաստանի իշխանությունները ձեռք են սեղմում, շնորհավորում եւ շարունակում են խոսել խաղաղության օրակարգից, մինչդեռ Արցախում մեծ լարվածություն կա: Հենց այս պատճառով է, որ Արցախի խորհրդարանը որոշեց դիմել հայկական պատվիրակությանը՝ դադարեցնելու հայ-ադրբեջանական բանակցությունները»,- նշեց Հակոբյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով վաշինգտոնյան բանակցություններում հայաստանյան պատվիրակության ղեկավարությունից պահանջում է դադարեցնել հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում: