Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին

12 Սեպտեմբերի 2023, 12:45

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ Ադրբեջանի հետ սահմանային լարվածության ֆոնին:

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում շրջադարձ չկա: Նա հիշեցրել է, որ նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկներ է արել հայկական կողմին, սակայն դա չի ընդունել Հայաստանը:

«Մեր հարցին, թե ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ կա: Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Պրահայի հայտարարության մեջ դա ամրագրվել է թղթի վրա: Մենք գիտենք այդ մասին, էլ ի՞նչ ասենք:

Հիմա էլ Ալիեւն ինձ ասում է՝ գիտեք որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ ԼՂ-ի կարգավիճակի հարց այլեւս չկա, այն լուծված է եւ հայկական ղեկավարությունը այդ մասին հրապարակային հայտարարել է՝ համարելով մինչեւ 1991 թ. եղած ամբողջ տարածքը ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում եւ նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաեւ Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, դա մեր որոշումը չէ։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ եթե ուզում եք Ղարաբաղի հարցով զբաղվեք, ապա հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա: Իսկ ի՞նչ ասենք մենք, այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսասատնի նախագահը, սակայն, ընդունել է, որ Արցախում հումանիտար եւ ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր են առաջացել:

«Մանդատը դեռ ուժի մեջ է, իսկ մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է եւ ասում է, շահագրգռված չէ որեւէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Դիտարկմանը, թե որքանով են հիմնավոր պաշտոնական Երեւանի այն դժգոհությունները, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը օգնություն չեն ցուցաբերել, Ռուսաստանի նախագահն ասել է.

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել»:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանի վարչապետը վերջին օրերին իրեն ընդարձակ նամակ է ուղարկել: «Վարչապետ Փաշինյանի հետ որեւէ խնդիր չկա, մենք նրա հետ միշտ կապի մեջ ենք»,- հավելել է Վլադիմիր Պուտինը: