Եթե հայերի 3/4-ը քվեարկի, մենք կհաղթենք ընտրություններում. Ալեքս Բալեկյան
01 Նոյեմբերի 2024, 23:30
Փորձում ենք հայերին համոզել, որ մասնակցեն ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու Ալեքս Բալեկյանը:
«Վերջին օրերին ընտրապայքարը շատ թեժ է ընթանում: Փորձում ենք շատ ջանք թափել, հայերին համոզել, որ գնան ընտրության, իրենց բողոքի ձայնը փոխեն գործողության, ձեռքները ծալած չնստեն: Մի խոսքով՝ փորձում ենք կիրառել ամեն միջոց, որ տեղից շարժվեն:
Կան մարդիկ, որ չգիտեն՝ ինչպես պիտի մասնակցել ընտրությանը: Նշեմ, որ ինտերնետով չեն կարող մասնակցել: Ընտրական կենտրոնները մի քանի օր է, ինչ բաց են, կարող են գնալ ու այնտեղ ընտրել: Այդպես ավելի հարմար է, քանի որ թե ընտրելու հետ կապված ինչ-որ հարց ունենան, այնտեղ իրենց կօգնեն»,- նշել է մեր զրուցակիցը:
Բալեքյանը տեղեկացրել է, որ իրենք կլուծեն նաև տրանսպորտի հարցը, կօգնեն հասնել ընտրական կենտրոններ:
«Մեր գրասենյակի հեռախոսահամարն է՝ 747-297-5008, մենք կլուծենք ձեր տրանսպորտի հարցը»,- նշել է Ալեքս Բալեքյանը:
Նա հավելել է, որ եթե հայերի 3/4-ը գնա ընտրության, իրենք կհաղթեն ընտրություններում:
«Ես կոնգրեսականի թեկնածու եմ, որովհետև մեր կյանքի վիճակը սոսկալի վատ է: Մեր երեխաների կրթության որակը վատն է, հանցագործություների թիվը շատ է, այդ նպատակով ես առաջադրվել եմ: Ես քաղաքական գործիչ չեմ, բժիշկ եմ, ուստի երկու անգամ ավելի ջանք պետք է թափեմ, որ ընտրվեմ: Մեր շրջանում մոտ 60 հազար հայ կա, եթե նրանց 3/4-ը քվեարկի, մենք կհաղթենք ընտրություններում»,- ասել է Ալեքս Բալեկյանը:
Նա նաև անդրադարձել է այն միջադեպին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի կողմնակիցներին «աղբ» է անվանել:
«Այդպես մեր ուշադրությունը փորձում են շեղել, չեն խոսում խնդիրների՝ թանկացումների, հանցագործությունների, թմրամիջոցների, անօթևանության մասին»,- եզրափակել է Ալեքս Բալեկյանը: