Եթե իրենց ընկերոջ նկատմամբ են օրենքն անտեսում, բա մյուսների նկատմամբ ինչպե՞ս կվարվեն. Ռուբեն Մելիքյան

05 Դեկտեմբերի 2024, 10:30

Կարծիք | Քաղաքականություն

Արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ձևավորված սկանդալի իրավական կողմի մասին Alpha News-ը զրուցել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Մեր զրուցակիցն ընդգծել է՝ այն, որ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, հակաօրինական է։

«Իրականում էական չէ՝ հեռախո՞սն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի մոտ, թե պարունակությունը, որովհետև հեռախոսը որպես սարք բացարձակ երկրորդական է այստեղ։ Խնդիրը վերաբերում է անձին, անձնական ու ընտանեկան տվյալների գաղտնիությանը։ Սա մարդու հիմնարար իրավունք է, որ հաստատված է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ եվրոպական կոնվենցիայով։

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ։ Այս ամենը ցույց է տալիս, որ պետությունը, պետական ապարատն առավել ևս ոչ քաղաքական գործունեություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, ծառայում է որպես կուսակցական օրգան։ ՔԿ-ն վերածվել է «Քաղաքացիական պայմանագրի» ինչ-որ ստորաբաժանման, որն ինչ-որ պատրվակով քաղաքացուց, էական չէ, թե ով է այդ քաղաքացին, վերցրել է քրեական վարույթի շրջանակներում անձնական տվյալներ պարունակող կրիչ, այնտեղ առկա իրենց հետաքրքրող տեղեկությունները էական չէ, թե ինչ են արել, բայց իրենց հետաքրքրող սարքը, Նիկոլ Փաշինյանին հետաքրքրող տեղեկությունները ուղիղ հայտնվել են նրա սեղանին։

Սա ոչ այլ ինչ է, քան հանցավոր կազմակերպություն, որի նպատակն է ամրապնդել ՔՊ-ի իշխանությունը տարբեր միջոցներով՝ ճնշումներ գործադրելով, այդ թվում՝ անձնական տվյալներին հասանելիություն ստանալով, հետո դրանք օգտագործելով և այլն»,- նկատել է իրավապաշտպանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ եթե Փաշինյանն այսպես դաժանորեն է վարվում իր ընկերոջ հետ, բա ի՞նչ կանի մնացած քաղաքացիների հետ։

«Քննչական կոմիտեն իրավունք չունի որևէ տեղեկություն փոխանցել վարչապետին։ Նա փորձում էր այս պրոբլեմը լուծել իրեն բնորոշ մանիպուլատիվ ձևով, բայց կարծում եմ՝ ցանկացած, թեկուզ երկրորդ կուրսի իրավաբանի համար հասկանալի է, որ սա որևէ կերպ իրավական հիմք ունենալ չի կարող։ Եթե իրենց ընկերոջ նկատմամբ են այսպես վարվում, եթե օրենքի դրույթներն այսպես անտեսում են, բա պատկերացրեք՝ մյուս քաղաքացիների նկատմամբ ինչ կանեն։ Սա մի բան էլ է ցույց տալիս, որ ՔՊ-ական պատգամավորները նաև գերի են՝ այդպիսի կոմպրոմատների պատճառով»,- եզրափակել է Ռուբեն Մելիքյանը։