Եթե Իսրայելը պատասխանի Իրանին, մեր տարածաշրջանում նրա դաշնակիցը լինելու է Ադրբեջանը․ Գրիգոր Բալասանյան

08 Հոկտեմբերի 2024, 12:53

Կարծիք | Քաղաքականություն

Մեր տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցը, բնականաբար, լինելու է Ադրբեջանը: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:

«Եթե Իսրայելը որոշի ամեն դեպքում պատասխանել նախորդ շաբաթ Իրանից ստացված բալիստիկ հրթիռներին, ապա, ըստ էության, երկու ճանապարհով է գնալու և միայնակ չի գործելու, ինչպես միշտ: Արդեն մեկ տարի է անցել, ինչ Իսրայելը սկսել է պատերազմել «Համաս»-ի հետ, և այդ մեկ տարին ցույց տվեց, որ իսրայելական բանակը միայնակ ի վիճակի չէ ոչինչ անելու: Այն, ինչպես միշտ, փնտրելու է դաշնակիցներ, և մեր տարածաշրջանում բնական է, որ դա լինելու է Ադրբեջանը:

Իսրայելը նախ կփորձի հսկողության տակ վերցնել Իրան-Հայաստան սահմանը, դեպի Իրան հնարավոր օգնությունը կամ բեռնափոխադրումը արգելելու համար, երկրորդ՝ հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած արդեն Իրանն ուժեղացրել է այդ օբյեկտների հակաօդային պաշտպանության համակարգերը»,- նշել է Բալասանյանը:

Ըստ միջազգայնագետի՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը ցույց տվեց իր նվազ արդյունավետությունը գերձայնային բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար:

«Կա նաև երրորդ տարբերակ՝ Իսրայելը չի հարվածի Իրանին, քանի որ իր մաշկի վրա զգաց 200 բալիստիկ հրթիռի ուժը: Չնայած նրանք հայտարարում են, որ այդ հրթիռները գրեթե չեն հասել Իսրայելին, բայց իրականում բոլորս էլ տեսնում էինք այդ կադրերը, թե ինչպես էին երկաթե անձրևի նման հրթիռները թափվում Իսրայելի տարածքի վրա:

Ըստ էության՝ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը ցույց տվեց իր նվազ արդյունավետությունը բալիստիկ և գերձայնային բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար: Սա ինձ հիմք է տալիս կարծելու, որ Իսրայելն ամեն դեպքում այս անգամ էլ զերծ կմնա հարվածելուց՝ տեսնելով, թե Իրանը իրականում ինչի է տիրապետում և ինչ հետևանքներ կարող է սա ունենալ իր համար»,- եզրափակել է Բալասանյանը: