Եթե կա ինչ-որ սխեմա և այն աշխատում է, ապա ինչո՞ւ հրաժարվել դրանից. Անդրեյ Արեշև
21 Դեկտեմբերի 2024, 13:15
Ռուս քաղաքագետ, Քաղաքական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները՝ նշել է, որ 80-ականների վերջին խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայկական ԽՍՀ տարածքում եղել է 161.000 ադրբեջանցի։
«Ալիևը բավական գրագետ է գործում ՝ սահմանելով պահանջների երկու մակարդակ։ Նրա հարցազրույցում մենք տեսանք պահանջների առաջին մակարդակը, այսինքն՝ պահանջում են, որ պայմանագրում որպես կետեր ամրագրվեն երկու իրարամերժ հոդվածներ ։ Դրանից բացի առաջ է քաշվում երկրորդ պահանջը։ Մենք չենք կարող արժանահավատորեն դատել և ենթադրել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ բանակցություններ են ընթանում ոչ պաշտոնական մակարդակով, որոնք ընթանում են երկկողմ հանձնաժողովի կամ փոխվարչապետների շրջանակներում։
Սակայն, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի խոսքերից մենք կարող ենք որոշակի և շատ կոնկրետ հետևություններ անել այն պահանջների վերաբերյալ, որոնք առաջ են քաշվում և որոնք այս կամ այն պատճառով չեն կարող արձանագրվել խաղաղության պայմանագրի ենթադրյալ նախագծում։ Բայց միևնույն ժամանակ, այդ պահանջներն, ինձ թվում է, պակաս ծանրակշիռ չեն, այդ թվում՝ ՀԽՍՀ նախկին բնակիչների, ազգությամբ ադրբեջանցիների և նրանց ժառանգների հիշատակված վերադարձը։
Հայտարարվեց 300.000 մարդու մասին, թեև գիտենք, որ 80-ականների վերջին խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ տարածքում 161.000 ադրբեջանցի կար, եթե հիշողությունս չի դավաճանում։ Այսինքն՝ այդ պահանջներն, այդ թվում՝ միջանցիկ հաղորդակցությունը Մեղրու շրջանով և Սյունիքով, իհարկե, կարևոր դեր են խաղում։
Նաև՝ Հայաստանի Սահմանադրության վերաշարադրումը և հայկական բանակի զինման գործընթացը սահմանափակելու պահանջը։ Այստեղ, ինձ թվում է, Ադրբեջանի նախագահը ինչ-որ չափով ուռճացնում է այն վտանգը, որն իբր գալիս է Հայաստանից, սա, այսպես ասած, ապագա հնարավոր ագրեսիայի արդարացումն է։
Կարծում եմ, որ 2025-ին մենք այսպես թե այնպես կտեսնենք այս մեկ գոլային խաղի շարունակությունը՝ այս կամ այն ձևով։ Հուսանք՝ խաղաղ ճանապարհով»,- նշել է փորձագետը։
Ըստ Արեշևի՝ չի կարելի բացառել, որ ակնհայտ էսկալացիայի սպառնալիքը կարող է օգտագործվել Հայաստանին խաղաղություն պարտադրելու համար։
«Կարծում եմ, որ խնդրի խաղաղ լուծման երաշխիքներ չկան։ Գիտեք, ինչպես ասում են ամերիկացիները, եթե կա ինչ-որ սխեմա և այն աշխատում է, ապա ինչո՞ւ հրաժարվել դրանից, եթե այն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է նման յուրահատուկ պայմաններում։ Ես նկատի ունեմ ոչ միայն արտաքին ճնշումներն ու «թեժ շունչը» Մերձավոր Արևելքից, այլև հասարակական կարծիքի որոշակի հիասթափությունը, անհամաձայնությունն ու տատանումները։
Ցավոք, չի կարելի բացառել, որ ակնհայտ սրման սպառնալիքը կարող է օգտագործվել Հայաստանին Ադրբեջանին ձեռնտու պայմաններով խաղաղություն պարտադրելու համար»,- ընդգծել է Արեշևը։