Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն վետո կիրառի՝ այն գոտեպնդելու է Ադրբեջանին ու Թուրքիային. Դավիթ Բաբայան

16 Օգոստոսի 2023, 11:17

Քաղաքականություն

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 8 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախի վերաբերյալ բանաձեւ կընդունի եւ կպարտադրի Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«Սա, իհարկե, ցանկություն է, բայց պետք է լուրջ աշխատանք տարվի այդ ուղղությամբ: Մյուս կողմից պետք չէ միամիտ լինել եւ մտածել, որ կլինի այնպիսի որոշում, որը կընդունի Ադրբեջանը: Ոչ, սա բարդ գործընթաց է, նախ կարեւոր է, որ որոշումն ընդունվի, որը չլինի լղոզված ու անատամ: Բացի այդ՝պետք է այնպես անել, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից որեւէ մեկը վետո չկիրառի, որովհետեւ եթե դա տեղի ունենա՝ այն գոտեպնդելու է Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի նրանք շարունակեն իրենց քաղաքականությունը եւ դրանից հետո ավելի կոշտ քայլերի են դիմելու»,- Alpha News-ի եթերում ասել է Դավիթ Բաբայանը:

Արցախի պաշտոնյան ընդգծել է՝ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, եթե, իհարկե, այդպիսին լինի, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը, նույնիսկ, Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարին կայացրած որոշումն է անտեսել, որով պարտավորվել էր ապահովել ազատ տեղաշարաժը Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանը կփորձի անել ամեն ինչ, որ դա մնա թղթի վրա: Այս մոտեցումը շատ վտանգավոր կարող է լինել: Եթե բարձրագույն մարմինը չկարողանա որոշում կայացնել ու այն իրականացնել, ապա պատկերացրեք՝ ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ»,- հավելել է Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի պահանջով տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Ադրբեջանի կողմից 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցը: Հայաստանի կառավարությունը հայցում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կանխի զանգվածային ոճրագործությունները, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունը:

Պաշտոնական Երեւանը, սակայն, չի հստակեցրել՝ ցանկանո՞ւմ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Արցախի վերաբերյալ հատուկ բանաձեւ ընդունի։ Նիստին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հավելենք նաեւ, որ Արցախի նախագահը մինչեւ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելը՝ ուղերձ էր հղել միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին եւ պահանջել, որ պաշտոնական Երեւանը Արցախում ստեղծված իրավիճակը անհապաղ դարձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման հարց, հասնի Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների:

Մանրամասները՝ տեսանյութում: