Եթե ՄԱԿ-ն այսպիսի թատրոնի հանդիսատես պիտի լինի, ապա ավելի լավ է՝ գոյություն չունենա. ամերիկահայ իրավաբան

17 Օգոստոսի 2023, 20:00

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ի հայ համայնքի հուսախաբությունը պետք է բուժել, որ հազարներով փողոց դուրս գան ու Արցախում ստեղծված վիճակի մասին աղաղակեն, մեծացնեն պահանջների ու հասցեատերերի շրջանակը: Alpha News-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել իրավաբան Կարո Ղազարյանը: Նրա համոզմամբ՝ դրա շնորհիվ 20-30 կոնգրեսականի փոխարեն ԱՄՆ Կոնգրեսի ջախջախիչ մեծամասնությունը կսկսի հայանպաստ հայտարարություններ անել:

«Սփյուռքը պետք է ծայրահեղ քայլերի դիմի, իհարկե, օրենքի սահմաններում: Պետք է ստիպել, պարտադրել, պնդել, որ այն երկրները, որոնք ի նպաստ Հայաստանի ելույթներ են ունենում՝ սկսեն գործել: Ի վերջո, այդպես կիամանանք՝ ով է մեր իսկական ընկերը, դաշնակիցը և ով է մեր գլխին լոլո կարդում»,- պնդել է Ղազարյանը:

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի 25 կազմակերպություն համատեղ կոչով դիմել է Բայդենի վարչակազմին, որ ձեռնարկեն բոլոր միջոցները՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար, սակայն ամերիկահայ գործիչը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ հայ համայնքի գործադրած ջանքերը բավարար չեն: Նրա կարծիքով՝ 44-օրյա պատերազմի օրերին կամ ավելի վաղ եղած իրադարձություններին, օրինակ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, հարյուր հազարներով հայեր էին փողոց դուրս եկել և արդարադատություն էին պահանջում, սակայն այժմ, երբ Արցախի լինել-չլինելու հարցն է դրված սեղանին, հազիվ մի քանի հարյուր հայ է համախմբվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև:

Կարո Ղազարյանը նաև մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի թեմայով արտահերթ նիստը և հարցադրում արել, թե ինչ է նշանակում Ադրբեջանի ներկայացուցչի ցուցադրած լուսանկարները, որոնցով նա, իբր, ապացուցում էր, թե Լեռնային Ղարաբաղում ճգնաժամ չկա:

«Ի՞նչ են ուզում ասել՝ մեկը քաղցրավենիք է ուտում, ուրեմն՝ սով գոյություն չունի՞, կամ մեկը ժպտում է, ուրեմն՝ ամեն ինչ լա՞վ է: Դա խեղկատակություն է, և եթե Միավորված ազգերի կազմակերպությունն այսպիսի թատրոնի հանդիսատես պիտի լինի, ապա ավելի լավ է՝ գոյություն չունենա»,- ընդգծել է ամերիկահայ իրավաբանը:

Ամերիկահայ գործիչը նշել է, որ Արցախի իշխանությունից ավելին չի ակնկալում, քանի որ այն, ինչ անում են, թղթե շերեփի պատմությունն է հիշեցնում. նրանց ձեռքից քիչ բան է կախված, սակայն ՀՀ իշխանությունն ավելին կարող է անել:

«Անհասկանալի եմ համարում մի բան՝ եթե Հայաստանի ներկա կառավարությունը քննադատողական մոտեցում ունի ռուս խաղաղապահների գործունեության հանդեպ, ապա ինչո՞ւ է փորձում դիվանագիտական հարաբերություններ ու խաղաղություն հաստատել Թուրքիայի հետ, նույն Թուրքիայի, որը Ռուսաստանի հետ փորձում է խաղաղության խաղը իրականացնել»,- այսպես է իր խոսքը եզրափակել է Կարո Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: