Եթե մսամթերքը տանում են ոչնչացման, տեսուչները պետք է մոտենան ձեռնոցներով. Դավիթ Պիպոյան

14 Դեկտեմբերի 2024, 00:15

Կարծիք | Քաղաքականություն

Այսօր ՍԱՏՄ աշխատակիցները կարմիր բերետավորների հետ թույլ չեն տվել մսավաճառներին բացել իրենց կրպակները և առևտուր սկսել: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Սննդի անվտանգության խնդիրները Հայաստանում բազմաթիվ են։ Ցավոք սրտի, այն միջոցառումները և գործողությունները, որ հաճախ իրականացնում ենք, կետային են, այլ ոչ համակարգային, ինչի արդյունքում էլ ունենում ենք բացառապես կարճաժամկետ արդյունքներ։ Սպանդային ծագման միսը ու ընդհանրապես սպանդանոցում կենդանիների մորթը կարևոր նշանակություն ունեն սննդի անվտանգության համար, բայց բազմաթիվ քննարկումներ են եղել՝ կապված արտադրական հզորությունների հետ, որպեսզի կարողանանք երկրում ունենալ սպանդանոցային այնպիսի հզորություններ, որ, բնականաբար,առաջարկն ու պահանջարկը համապատասխան լինեն։

Հատկապես այս օրերին, երբ տոնական եռուզեռը սկսվել է, ինչը ենթադրում է նաև սպանդի քանակի ավելացում, մենք հասկանում ենք, որ առաջիկա օրերին մարդիկ հատկապես ձեռք են բերելու և պահեստավորելու կենդանական ծագում ունեցող մթերք։ Բոլորս հասկանում ենք՝ այնպիսի ժամանակահատված է, որ խնդիրներն ավելի են սրվում, որովհետև հունվարին շատ ավելի պակաս սպանդի պահանջ ենք ունենում ու սպանդանոցները ներկա պահին ու հունվարին չեն կարող նույն ծանրաբեռնվածությամբ աշխատել»,- ասել է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ստուգումներին՝ Դավիթ Պիպոյանը նշել է, որ տնտեսվարողը նախապես պետք է տեղեկացվի դրանց մասին։

«Տնտեսվարող սուբյեկտները դեկտեմբերին ունենալու են նաև սպանդանոցների հզորությունների հետ կապված տեխնիկական խնդիրներ։ Կարևոր է պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը, բայց պետք է հասկանալ մի քանի կարևոր խնդիր։ Դրանցից մեկն այն է, որ, իհարկե, սննդի անվտանգության բնագավառում բոլոր որոշումները ու բոլոր լուծումները անշուշտ պետք է ուղղված լինեն սպառողի շահի պաշտպանությանը։

Սպառողի շահի պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր, բայց ամբողջ աշխարհում սպառողի շահի պաշտպանության ժամանակ բոլոր շահառուներին տալիս են զգուշացումներ ու ուղղման որոշակի ժամանակահատված։ Արդյոք տնտեսվարող սուբյեկտները զգուշացված են եղել, որ սպասվում են ստուգումներ։

Եթե նախապես նրանք տեղյակ չեն եղել՝ հաշվի առնելով այս օրերին պահանջարկի բարձրացումը, կարծում եմ՝ տնտեսվարողները կարող էին հայտնվել դժվար իրավիճակում ու եթե մենք իսկապես նպատակ ունենք ռեֆորմ անելու, որի նպատակը հանրային առողջության բարելավումն է և անասնաբուժական ծառայությունների մակարդակի բարձրացումը, ապա նմանատիպ գործողությունները պետք է իրականացնել այն ժամանակ, երբ տնտեսվարող սուբյեկտներն ունեն ժամանակ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու»,- նշել է Դավիթ Պիպոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։