Եթե նույնիսկ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բաքվի դեմ, դրանք բավականին սահմանափակ կլինեն. Եվգենի Շմիդտ
23 Հունվարի 2024, 21:25
Բունդեսթագի պատգամավոր Եվգենի Շմիդտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրամիության և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները:
Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ն փորձում է ճնշման տարբեր լծակներ օգտագործել, որպեսզի Ադրբեջանը վարի այն քաղաքականությունը, որը ԵՄ-ն շահեկան է համարում:
«ԵՄ-ի կողմից հիմա Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում տարբեր միջոցներով, փորձում է ճնշման տարբեր լծակներ օգտագործել, որպեսզի Ադրբեջանը վարի այն քաղաքականությունը, որը ԵՄ-ին ձեռնտու է թվում։ Բայց ԵՄ-ի մոտ դա չի ստացվում։ Ադրբեջանն, ակնհայտորեն, իր ազգային քաղաքականությունը վարում է իր շահերից ելնելով, այսինքն՝ առանց նայելու օվկիանոսի այն կողմ կամ Եվրոպայից եկող բղավոցներին։ Եվ Եվրոպայում դա, իհարկե, շատերին չի բավարարում, քանի որ այստեղ վերջին տասնամյակներին սովոր են, որ շատ երկրներ ենթարկվում են իրենց հրահանգներին։ Իհարկե, Եվրոպայում այն քաղաքական գործիչները, որոնք սովոր են նախկին հարաբերություններին, նրանք այժմ մի փոքր հուսահատված են և այնքան էլ գոհ չեն այն բանից, թե ինչպես է միաբևեռ աշխարհակարգը փլուզվում և փոխարինվում այլ բանի», — ասել է պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ եվրոպական ուժերը չէին ցանկանա, որ Ադրբեջանն ընկնի Իրանի և Ռուսաստանի ձեռքը:
«Հիմա Եվրոպայի կողմից փորձ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ինչ-որ նենգ առևտուր է ընթանում, բայց շատ կոշտ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները ես բարձր չեմ գնահատում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի հետևում կանգնած է նաև Թուրքիան։ Եվրոպական ուժերը չէին ցանկանա, որ Ադրբեջանն ընկներ Իրանի և Ռուսաստանի ձեռքը, ուստի նրան ընդհանրապես չեն վանում։ Ադրբեջանը էներգակիրների մատակարար է, իսկ հիմա Եվրոպան դրա հետ կապված խնդիր ունի, ուստի չեմ կարծում, որ պատժամիջոցներ կլինեն։ Իսկ եթե լինեն, ապա բավականին սահմանափակ», — եզրափակել Է Շմիդտը։