Եթե որևէ ուժ չկանխի Ալիևի ռեժիմը, Արցախի վերջը կգա. եվրապատգամավոր

05 Հոկտեմբերի 2023, 22:55

Կարծիք | Քաղաքականություն

Հանցագործությունն ու էթնիկ զտումն արդեն ամիսներ շարունակ իրականացվում են, իսկ վերջին օրերի կուլմինացիան գերազանցեց բոլոր սպասումները: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում հայտարարել Է Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդիսը:

«Եվրոպական Միությունը չափազանց ուշացել է, ժամանակն արդեն անցել է, այնուամենայնիվ, ԵՄ-ն պետք է ուժ կիրառի և վերջ դնի Արցախից հայերի շարունակվող արտագաղթին: Եկել է ժամանակը՝ գործնականում երաշխավորելու այն մարդկանց անվտանգությունն ու կյանքը, ովքեր կընտրեն մնալ իրենց հայրենիքում։ Դա մարդու հիմնարար իրավունքն է: Պատճառը, թե ինչու են այդ մարդիկ ընտրել՝ ոչ թե տանը մնալը, այլ փախստական դառնալ, պարզ է, քանի որ Ալիեւի ռեժիմը հետապնդումներ է սկսել, եւ մենք՝ բոլորս, գիտենք ադրբեջանցիների եւ թուրքերի արյունալի խաղերը, որոնք հենց ավարտեն բնակչության էթնիկ զտումը, «մշակութային ցեղասպանություն» կկազմակերպեն՝ ոչնչացնելով հայկական եւ քրիստոնեական ժառանգությունը տարածաշրջանում», — նշել է պատգամավորը:

Մավրիդեսն ընդգծել է պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաև ապաստան ստանալու կարիք ունեցողներին ձեռք մեկնելու անհրաժեշտությունը: «Նրանք իրական փախստականներ են։ Եվ, եթե Եվրամիությունն, ընդհանրապես, որպես միություն, պատրաստ չէ դա անել, ապա անդամ երկրներն ինքնուրույն կարող են դա անել, և Կիպրոսը, ես կարող եմ ասել, պատրաստ է գրկաբաց ընդունել մեր հայ քույրերին ու եղբայրներին», — նշել է պատգամավորը ։

Նա կիսվել է իր անձնական փորձով, երբ ինքը փախստական է եղել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացիայի ժամանակ։ «Ես գիտեմ, թե ինչ է նշանակում փախստական դառնալ, ես դրա միջով անցա, երբ փոքր էի, այն բանից հետո, երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի մի մասը։ Եթե չկա երաշխիք, որ ինչ-որ ուժ կսրբի Ալիևի ռեժիմը, բոլորս էլ գիտենք, որ սա հայերի հայրենիքի վերջն է, Արցախի վերջն է։ Ուստի, պետք է անհապաղ գործել», — ընդգծել է եվրապատգամավորը։