Եթե «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր ճանաչվի, մենք կդիմենք իրավական գործողությունների. Մելոյան

06 Մարտի 2026, 20:00

Քաղաքականություն

Եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիտարկում է այն սցենարը, որով իշխանությունը կարող է խոչընդոտել իրենց մասնակցել հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին:

«Որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից հնչեցված այդ հայտարարությունը (««Հանրապետություն» կուսակցության ղեկավարն է հայտարարել, որ պահանջում է Սամվել Կարապետյանի ուժին չգրանցել ընտրություններում»,-հեղ.) խոսում է հիբրիդային պատերազմի մասին, երբ արհեստականորեն իրավական գործընթացների ու մարդկանց հոգեբանության վրա ներազդում են, հակաիրավական գործողությունների ազդակներ են հնչեցնում: Մենք հաշվի ենք առել, դիտարկում ենք նման զարգացումները: Եթե իրենք գնան այդպիսի ճակատագրական քայլի և ընտրական գործընթացի կիզակետում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը անվավեր ճանաչեն, ապա մենք ունենք տեսլական, թե ինչպիսի գործողությունների ենք դիմելու: Բնականաբար դիմելու ենք սահմանադրաիրավական ճանապարհով թույլատրելի գործողությունների, բայց դրանով իրենք ապալեգիտիմացնելու են ընտրական այս ողջ գործընթացը, որովհետև այսպիսի մեծ աջակցություն վայելող ուժին ինչ-որ մտացածին տեխնիկական հնարքներով խաղից դուրս թողնելն արդեն անվավեր է դարձնում ընտրական գործընթացը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը լուրջ վախեր ունի Սամվել Կարապետյանից, որին շարունակում են պահել տնային կալանքի տակ:

«Մեկ նախադասության համար Սամվել Կարապետյանի 9-ամսյա ապօրինի կալանքը, քաղաքական հետապնդումը խոսում է այս իշխանության և իշխանության առաջնորդի վախերի մասին: Կարապետյանը 9 ամիս է՝ ազատազրկված է, բայց այս մարդիկ կռիվ են տալիս նրա ազատության հետևանքների հետ: Սամվել Կարապետյանն այն գործիչն է, որի բիզնեսը Forbes-ի վարկանիշային ցուցակում առաջընթաց է գրանցել՝ նույնիսկ նրա ապօրինի ազատազրկման պայմաններում: Հենց սա է մեր քաղաքական ուժի տարբերությունը: Այո, մեր տված խոստումները շատերն այսօր կրկնօրինակում են, բայց Կարապետյանն արդեն իսկ այդ ամեն ինչը անելու, հազարավոր աշխատատեղեր ստեղծելու փորձառություն ունի, նա արդեն իսկ կայուն տնտեսություն է ստեղծել: Սամվել Կարապետյանն այն բացառիկ հայն է, ով կկարողանա ոչ միայն ուժեղ և ամուր տնտեսություն կառուցել, այլև երաշխավորված անվտանգություն ապահովել»,- ընդգծեց Գոհար Մելոյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամն անդրադարձավ նաև իրենց քաղաքական ուժի տնտեսական 5 քայլերի հնարավորություններին և իրականացմանը: