Եթե ուժի սպառնալիքի տակ փորձում են Արցախին «ուղղություն» ցույց տալ, ապա մենք մեր ուղղությունը որդեգրել ենք 1988-ին. Դավիթ Իշխանյան
29 Մայիսի 2023, 16:40
Քամահրանքով եմ վերաբերվում Իլհամ Ալիեւի հայտարարություններին, բայց ես վստահ եմ, որ կգա մեր ժամանակը եւ կրտսեր Ալիեւը հոր նման կունենա իր տեղը: Այս մասին Аlpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ արցախահայությանն ուղղված սպառնալիքներին:
«Մեդալի մի կողմում ադրբեջանական կողմն է, մյուսում՝ հայկականը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ 2021 թ. մայիսին որոշ տեղեկություններ ստացանք, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե համաձայնություն են տվել Ադրբեջանի հետ հանդիպումների ժամանակ Արցախի օրինական իշխանությունների լուծարման գործընթաց իրականացնել, ինչն այսօր մենք տեսնում ենք:
Առիթներ ունեցել ենք փակ քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացնել եւ փորձել համապատասխան քայլեր ձեռնարկել:
Երբ փորձում ենք Ալիեւի հայտարարությունների դեմ քայլեր ձեռնարկել, կրկնում եմ՝ պետք է հաշվի առնենք երկու կողմ՝ ադրբեջանական եւ հայկական:
Պետք է խոսել նաեւ Հայաստանի իշխանությունների վարքագծի մասին եւ այն քաղաքականության մասին, որը տարվել է նրանց կողմից վերջին 5 տարիներին: Բայց անդրադառնամ Ալիեւի հայտարարություններին. սա նման է 1989-1991թթ. ժամանակաշրջանին, երբ Խորհրդային միության կենտրոնական իշխանությունը՝ Մոսկվան, լուծարեց Արցախի օրինական իշխանություններին՝ստեղծելով տարբեր մարմիններ:
Արցախի ժողովուրդն իր համարժեք պատասխանը տվեց՝ շարունակելու ազգային-ազատագրական պայքարը:
Կարծում եմ, որ մենք այսօր ծանր վիճակում ենք գտնվում, բայց անգամ այդ դեպքում մենք ունենք մեր ֆորմուլան այդ ամենից ելքեր գտնելու համար»,- ասաց Դավիթ Իշխանյանը:
Արցախցի պատգամավորի խոսքով՝ քաղաքական ուժերն ու երկրի նախագահը պետք է համարժեք պատասխան տան եւ արձագանքեն Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին, որում նա հայտարարել էր, թե «Ղարաբաղի հայերը մեկ տարբերակ ունեն՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ եւ նորմալ քաղաքացի, եւ աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»:
«1990-ականներին էլ սպառնալիքներ հնչում էին, անգամ կոնկրետ գործողություններ էին նախաձեռնում Ղարաբաղը հայաթափելու համար:
Եթե այսօր ուժի սպառնալիքի տակ փորձում են Արցախի ժողովրդին, պետական այրերին ու ինստիտուներին համապատասխան «ուղղություն» ցույց տալ, ապա մենք մեր ուղղությունը որդեգրել ենք 1988-ին, եւ պետք է հասկանանք, որ ազգային-ազատագրական պայքարի մեջ ենք:
Բայց դրանք պետք չէ ընկալել միայն խոսքերի տեսքով, դա շարունակական գործողություն է»,- ասաց Դավիթ Իշխանյանը: