Եթե Փաշինյանի սրտի թեկնածուն չընտրվի քաղաքապետ՝ իշխանափոխություն կարող է տեղի ունենալ. քաղտեխնոլոգ
25 Օգոստոսի 2023, 20:30
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու հավակնություն ունի 3 ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր, «Ապրելու երկիր» եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունները:
Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ այս երեք ուժերից ոչ մեկը չկարողանա բացարձակ մեծամասնություն կազմել, այսինքն՝ հավաքել ձայների 50+1%-ը, հետեւաբար կարիք կլինի կոալիցիա կազմել այլ ուժերի հետ:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ. 13 կուսակցություն եւ 1 դաշինք: Վիգեն Հակոբյանն ասում է՝ կան ուժեր, որոնց հիմնական գործառույթը «ձայն փախցնելը» կամ էլ «ձայն փոշիացնելն է», ուժեր էլ կան, որոնք ըստ նրա՝ պայքարում են ոչ թե իշխանություն վերցնելու, այլ քաղաքականություն մտնելու համար:
Կան ուժեր, որոնք Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում են իշխանափոխության հնարավորություն: Օրինակ՝ «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Անդրանիկ Թեւանյանը, հայտարարել է, որ Երեւանի ընտրություններին մասնակցում են ամբողջական իշխանափոխության ծրագրով: Իշխանափոխության անհրաժեշտության մասին է հայտարարում նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը:
«Ընդդիմադիր ուժերը քարոզարշավին հաճույքով խոսում են թե՛ քաղաքային, թե՛ քաղաքական օրակարգերից: Դա գործող իշխանությունների աքիլեսյան գարշապարն է: Այստեղ իշխանությունը ստիպված է լինելու խոսել քաղաքական թեմաներից՝ փորձելով ընտրազանգվածի ուշադրությունը կենտրոնացնել քաղաքային թեմաների վրա: Շահեկան վիճակում կլինեն այն ուժերը, որոնք ճկուն կլինեն ու կհամադրեն քաղաքական օրակարգն ու քաղաքային խնդիրները»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Նրա համոզմամբ՝ եթե Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ուժը պարտվի, ապա Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել:
«Եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն չընտրվի, ապա երկրում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ շատ արագ իշխանափոխություն կարող է տեղի ունենալ: Կարծում եմ՝ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի այն, որ քաղաքացիներին համոզեն մասնակցել այս ընտրություններին: Ընտրություններին չմասնակցելը լատենտ կերպով քվեարկել է նշանակում հօգուտ իշխանության: Այդ պարագայում իշխանությունը վարչական ռեսուրսների շնորհիվ ընտրություններին կբերի իր կողմից վերահսկելի զանգվածին, իսկ երբ մասնակցությունը ցածր է լինում, մասնակցածների քանակը երբեմն կրկնապատկվում է, ինչպես եղավ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասաց քաղտեխնոլոգը: