Եթե պատերազմը շարունակվի, Երուսաղեմը` որպես կենտրոնական քաղաք, կարող է ապաստարան լինել հայերի համար. Հակոբ Սևան

30 Հոկտեմբերի 2023, 21:45

Քաղաքականություն

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետևանքով հայ համայնքի շրջանում զոհեր չունենք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը:

«Հայ համայնքի շրջանում զոհ չունենք։ Վերջին շաբաթվա մեջ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ սկսեցինք անել պատրիարքության հետ միասին։ Այն մտավախությունը կա, որ եթե պատերազմական վիճակը շարունակվի, Երուսաղեմը` որպես կենտրոնական քաղաք, կարող է ապաստարան լինել հայերի համար։ Առայժմ վտանգ չկա, բայց կարող է այնպես լինել, որ հայությունը դեպի Երուսաղեմ ապաստան փնտրի»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ տեղեկություններ կան, որ իսրայելական բանակը բավականին մեծ կորուստներ է կրել․

«Ըստ որոշ տեղեկությունների՝ ահագին վնաս է հասցվել Իսրայելի ուժերին։ Նույնիսկ սպառնում են՝ ավելի մոտեցեք ու փորձեք մտնել Գազա, նոր անակնկալներ կլինեն Իսրայելի համար։ Իսրայելը քիչ առաջ հայտարարեց, որ իրենց հաջողվել է ազատել մի աղջնակի, որը առևանգված է եղել հոկտեմբերի 7-ին՝ պատերազմն սկսվելու առաջին օրերին»,- տեղեկացրել է Alpha News-ի զրուցակիցը․

Հակոբ Սևանի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները ոչնչից չեն ազդվում, շարունակում են հրթիռակոծումը Իսրայելի ուղղությամբ․

«ՀԱՄԱՍ-ի ուժերը ինչ-որ տեսանյութ են տարածել, որտեղ երեք կին, որ առևանգված են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, կոչ էին անում իրենց ազատ արձակել։Հոգեբանական պայքար կա երկու կողմերի միջև։ Բավականին թեժ կռիվներ են։ ՀԱՄԱՍ-ը ոչնչից չի ազդվում, շարունակում է հրթիռակոծումը Իսրայելի ուղղությամբ»,- եզրափակել է Հակոբ Սևանը։