Եթե քաղաքական լուծում չտրվի, բնակչության շրջանում զոհերի թիվը մեծ կլինի. Մարիա Գաբրիելյան
04 Դեկտեմբերի 2024, 22:00
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ վիճակում է այժմ հալեպահայությունը ու ինչ խնդիրներ ունեն նրանք այնտեղ:
«Հալեպում իրավիճակը համարյա նույնն է: Ունեինք հիմնականում հացի խնդիր, բայց այդ հարցն արդեն լուծվեց: Մրգով, բանջարեղենով, կանաչիներով, նույնիսկ մսով ապահովվել ենք, բայց դրանց քանակը շատ սուղ է: Եռապատիկ, քառապատիկ բարձրացել են սննդի գները: Մանավանդ, մեծամասնությունն օրավարձով աշխատող ընտանիքներ են, այսինքն՝ օրը աշխատում են, օրը ուտում: Դժվարությունը նյութական է»,- ասել է Մարիա Գաբրիելյանը:
Նա տեղեկացրել է, որ երեկ կրակոցներ համարյա չեն հնչել:
«Թե ինչ կլինի առաջիկա օրերին, պարզ չէ: Պայքար էլ չենք կարող, որովհետև պատերազմ է արդեն: Թե ինչ պայմաններով դուրս կգանք այս պատերազմից, չգիտեմ: Այսօրվա իրավիճակում քաղաքական լուծումներ գտնելը շատ ավելի զորեղ կլինի և կխնայեն մարդկային կյանքեր: Իսկ եթե ռազմական միջոցների դիմեն, ահավոր կլինի վիճակը, քաղաքացիների շրջանում զոհերի թիվը մեծ կլինի»,- ասել է Մարիա Գաբրիելյանը:
Սիրիայի պատգամավորի փոխանցմամբ՝ շատ ընտանիքներ Հալեպից ինքնակամ են դուրս եկել ու մի քանի ժամվա ճանապարհն անցել 30 ժամում:
«Առաջին օրը, երբ խուճապը սկսվեց, ընտանիքներն ինքնակամ՝ առանց կազմակեպված աշխատանքի, դուրս եկան Հալեպից ու գնացին մայրաքաղաք կամ ծովափնյա շրջաններ: Ահավոր էր դուրս գալը, որովհետև 3-4 ժամ տևող ճանապարհը ընտանիքները 30 ժամում են անցել»,- եզրափակել է Մարիա Գաբրիելյանը: