Քեզ վրա չեն հարձակվի, եթե Ռուսաստանը քեզ համարում է իր դաշնակիցը․ Վիկտոր Սողոմոնյան

23 Դեկտեմբերի 2023, 00:26

Կարծիք

Alpha News-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը մեր ուղիղ եթերի ընթացքում նկատել է, որ մենք՝ հայերս, մեր խնդիրներով ենք զբաղված ու չենք հետևում աշխարհում կատարվող իրադարձությունների․

«Մենք, հասկանալի պատճառներով, տոգորված ու զբաղված ենք մեր խնդիրներով, մեր արցախյան ողբերգությամբ ու շատ հաճախ չենք էլ նկատում, թե աշխարհում ինչ է կատարվում։ Այնինչ աշխարհում կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնց այլ կերպ, քան հեղափոխական կամ եթե հայերենը թույլ է տալիս այսպես ասել, գերհեղափոխական չես անվանի՝ մի քանի պատճառով։

Այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական, իսկ ավելի ճիշտ ռուս-արևմտյան պատերազմը, որտեղ անցնող տարվա ընթացքում բեկում նախանշվեց, ու այսօր Ռուսաստանը կանգնած է հաղթանակի շեմին՝ ըստ վերլուծաբանների ու ռազմական փորձագետների մեծամասնության կարծիքի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Նրա համոզմամբ՝ դա մի ստատուս քվոյի է բերելու, որ երբևէ չի եղել աշխարհում․

«Դա բերելու է այն փոփոխության, ստատուս քվոյի, որը չի եղել աշխարհում՝ սկսած 1991թ-ից, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, այսինքն՝ աշխարհում դադարելու է միաբևեռ ռեժիմը ու ձևավորվելու է բազմաբևեռ համակարգ։ Մենք ոչ թե ունենալու ենք մի ռեգիոնի իշխանությունը աշխարհով մեկ, այլ լինելու են մի քանի պետություններ, կարծում եմ՝ առնվազն երեքը, որոնք կանխորոշելու են ապագա տասնամյակների զարգացումները և այն աշխարհակարգը, որը կհաստատվի։ Տարածաշրջանում պատկերացնո՞ւմ եք դա ինչ փոոփոխության կբերի»,- նշել է մեր զրուցակիցը։

Սողոմոնյանի նկատառմամբ՝ եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, նրան կարելի է ապավինել՝ անվտանգային առումով։

«Մեր դաշնակիցը, Մոսկվան համենայն դեպս, մեզ դաշնակից է համարում, մենք ստանում ենք դաշնակից, որը վերադարձնում է գերտերության դերը, որը ունի հսկայական բանակ, թրծված մարտերում, զինված գերժամանակակից զենքով և դա մի պետություն է, որին անվտանգության տեսանկյունից կարելի է բացարձակ ապավինել՝ չմտածելով անգամ այլ լուծումների մասին։ Կարծում եմ՝ այն ստատուսը, որը ձեռք կբերի Ռուսաստանը հաղթանակից հետո, կնշանակի, օրինակ, որ եթե քո երկրի տարածքում ռուսական ռազմաբազա կա, քեզ հետ ավելի լավ է գործ չունենալ, եթե Ռուսաստանը քեզ համարում է իր դաշնակիցը»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանը։

Հիմա եթերում