Եթե ՔՊ-ն պարտվի Գյումրիում՝ Հայաստանում բարձրանալու է վարչապետի լեգիտիմության հարցը. Ռուբեն Մխիթարյան

21 Մարտի 2025, 22:05

Քաղաքականություն

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ: 9 ուժ է պայքարում իշխանությունը վերցնելու համար:

Alpha News-ը զրուցել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ:

«Մեր նպատակը Գյումրին Հայաստանի ամենաիրադարձային կենտրոնը դարձնելն է, որպեսզի զբոսաշրջիկների հոսքը գա ոչ միայն ամռան ամիսներին, այլ ամբողջ տարվա ընթացքում: Մեզ համար կարևոր է, որ Գյումրին զարգանա համաչափ, որպեսզի հետ չմնա մայրաքաղաքից: Մենք բնակֆոնդի արդիականացման մասին ծրագրեր ունենք, խոսքը կտուրների, պատշգամբների, շքամուտքերի վերանորոգման մասին է: Ծրագրեր ունենք նաև կանաչապատման, աղբահանության, տրանսպորտի նոր համակարգի ներդրման վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիում ընտրական այս պրոցեսներից կախված է ոչ միայն Գյումրու զարգացումը, այլև ՀՀ-ի հետագա լինելիությունը։

«Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում, իշխող ուժը չկարողանա կառավարման օղակ ձևավորել: Եթե ՔՊ-ն պարտվի Գյումրիում, վստահաբար, Հայաստանում բարձրանալու է վարչապետի լեգիտիմության հարցը»,- նշեց Մխիթարյանը:

Գյումրու համայնքապետի թեկնածուն բացառեց իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միավորումը, ինչպես նաև այն ուժերի հետ, որոնք չեն հայտարարել ՔՊ-ին չմիանալու մասին: Իսկ թե որ ուժերի հետ են պատրաստ աշխատել, Ռուբեն Մխիթարյանն ասաց.

«Ընդդիմադիր խոսույթ ունեցող, ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչները, որոնք հստակ դիրքավորվել են հակաիշխանական սեգմենտի մեջ և երբևէ նկատված չեն եղել ՔՊ-ի կողքը, ապա այդ ուժերի հետ պատրաստ ենք գործակցել»: