Եթե ռուսական ալիքները փակվեն, ապա Հայաստանը ևս մեկ քայլով կմոտենա ուկրաինացում տանող ճանապարհին. Օլեգ Մատվեյչև

17 Դեկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեյչևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն լուրերին, թե Հայաստանի իշխանությունները ծրագրում են երկրում փակել ռուսական հեռուստաալիքները։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղադրույք կատարել սնանկացած արևմտյան էլիտայի վրա։

«Եթե ռուսական ալիքները փակվեն, ապա Հայաստանը ևս մեկ քայլով կմոտենա դեպի ուկրաինացում տանող ճանապարհին։ Ցավոք, իշխող վերնախավը Հայաստանը տանում է ոչ թե ազգային շահերի, այլ անհաջող երկրների ճանապարհով, որոնք միշտ կորցրել են։ Ահա այս բոլոր հեղափոխությունները միշտ ավարտվում են ողբալի։ Մենք կարող ենք հիշել Վրաստանի օրինակը, նրանք կորցրել են Հարավային Օսիան և Աբխազիան և մինչ օրս այնտեղ անկայունություն է տիրում։ Բայց վրացիները հետևություններ են արել և այժմ արդեն դադարեցնում են այդ օտարերկրյա միջամտությունը։ Մենք տեսել ենք Մոլդովայի օրինակը, տեսնում ենք, թե ինչ եղավ Ուկրաինայի հետ, երբ իշխանության եկան ամերիկամետ քաղաքական գործիչները։ Եվ Հայաստանը կարող էր սովորել, եթե չլիներ Փաշինյանի իշխանության գալը (Հայաստանի վարչապետ), Ղարաբաղի հետ ոչինչ չէր պատահի։ Եվ հիմա նրանք շարունակում են համառորեն շարժվել այդ ճանապարհով, բայց, հավանաբար, ցանկանում են ինչ-որ բան կորցնել, շարունակում են խաղադրույք կատարել սնանկացած արևմտյան էլիտայի վրա», — ասել է Մատվեյչևը։

Նրա խոսքով՝ «Արևմուտքը խորտակվող Տիտանիկ է», որտեղ հայկական էլիտան ձգում է իր ժողովրդին։

«Արևմուտքը խորտակվում է, և դա ակնհայտ է ամբողջ աշխարհին։ Եվրամիությունից նույնիսկ Անգլիան է դուրս եկել, քանի որ չի ցանկանում մեռնել Եվրամիության հետ միասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրներ կան Ամերիկայում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է քայքայվում Ֆրանսիայի, Գերմանիայի իշխանությունը: Սա խորտակվող «Տիտանիկ» է, նրանից պետք է փախչել, ինչպես ժանտախտից, իսկ հայկական էլիտան, ընդհակառակը, հայ ժողովրդին ձգում է դեպի այդ «Տիտանիկ»-ը, որպեսզի խեղդվի, այսպես ասած, իր հետ: Ես, իհարկե, հույս ունեմ, որ հայ ժողովուրդը իմաստուն կգտնվի, և բոլոր ռուսները սպասում են, որ հայ ժողովուրդը կազատվի այս օտար երևույթից՝ ահա այս սորոսական աղանդավորների տեսքով։ Գլխավորն այն է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, որպեսզի հայ ժողովուրդն այլ կորուստներ չունենա»,-եզրափակել է Մատվեյչևը։