Եթե TRIPP երթուղին իրականացվի Հայաստանի ինքնիշխանության խախտմամբ, ապա դա փակուղի տանող ճանապարհ է. Ալեքսեյ Անպիլոգով

15 Հունվարի 2026, 23:20

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համատեղ հայտարարությունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակների վերաբերյալ, և այն, թե ինչպես կարող է այդ նախագիծն ընկալել Ռուսաստանը։

««Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը մենք գիտենք հենց TRIPP անվամբ, առաջին հերթին նպաստում է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերին։ Հիշեցնեմ, որ այս երթուղու էությունը կայանում է Հայաստանի Սյունիքի մարզով տարանցիկ ճանապարհի ապաշրջափակման մեջ, որը լոգիստիկ առումով նաև կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Եվ հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս հիմնական հակասությունը, որը և որոշում է վերաբերմունքն այս նախագծի նկատմամբ։

Կուզեմ հիշեցնել, որ սահմանների աշխարհագրության տեսանկյունից անհրաժեշտ է ինչ-որ կերպ ապահովել Հայաստանի մուտքը դեպի Համաշխարհային օվկիանոս, օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով, եթե խոսքը Կասպից ծովի մասին է, այնպես էլ Ադրբեջանին անհրաժեշտ է ցամաքով ինչ-որ կերպ միացնել իր երկու անկլավները, այսինքն՝ երկրի հիմնական տարածքը և Նախիջևանը։

Մյուս կողմից, եթե այս նախագիծն իրականացվի Հայաստանի ինքնիշխանության ոտնահարմամբ, իմ տեսանկյունից դա փակուղային ճանապարհ է, որովհետև այդ դեպքում Բաքվի բոլոր ռևանշիստական ուժերը, որոնք Հայաստանի տարածքն այլ կերպ, քան «Իրևանի խանություն» չեն անվանում, շատ լուրջ հնարավորություն կստանան իրենց դաշտում, ինչը թույլ կտա նրանց հետագայում պնդել հայկական ինքնիշխանության հետագա սահմանափակումը»,- կարծում է Անպիլոգովը:

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի կարծիքն այս երթուղու վերաբերյալ կախված կլինի մի շարք քաղաքական հարցերից՝ կապված ինքնիշխանության և Հարավային Կովկասի թյուրքական պետություններից կախվածության միջև ընտրության հետ։

«Ուստի կարծում եմ՝ Ռուսաստանն աջակցում է այս TRIPP նախագծին, բայց միայն առաջին տարբերակով՝ այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի մնալ ինքնիշխան և անկախ խաղացող՝ այլ արտաքին ուժային կենտրոններից։ Իսկ այն դեպքում, եթե Հայաստանը հայտնվի շատ լուրջ կախվածության մեջ Ադրբեջանից և, ըստ էության, նրա թիկունքում կանգնած Թուրքիայից, ապա կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքով» գործը չի սահմանափակվի։ Թուրքիա-Ադրբեջան միությունը ոչ միայն կօգտագործի այս լոգիստիկ միջանցքը, այլև կօգտագործի այն Հայաստանի հետագա սահմանափակման և, հեռանկարում՝ չվախենամ այս բառից, Հայաստանի ինքնիշխանության փաստացի ոչնչացման համար։ Սա, իհարկե, շատ բացասական սցենար է, որը կարող է ինչ-որ առումով կրկնել այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ հայկական Արցախի հետ», — եզրափակել է փոձրագետը: