Եթե խաղաղություն վաստակենք, մեջը արժանապատվություն պիտի գտնենք․ Դավիթ Ամալյան

19 Հունվարի 2024, 22:42

Քաղաքականություն

Էմոցիաներից պտուղ է ծնվում, իսկ այդ պտուղը դառնում է նորից Անդրանիկ, Դուշման, Վազգեն, Վարդան։ Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է Alpha News-ի ուղիղ եթերում նման միտք արտահայտել։

«Եթե այսօր Ստեփանակերտի թատրոնը նույնիսկ, ցավում եմ այդ բառը ասել, գաղթից հետո Հայաստանում բեմադրություն անի, կունենա հանդիսատես, որ արցունքոտ աչքերով կարող է ժպտալ, կամ ժպիտի մեջ կարող է արցունքակալել։ Դա հետագա քայլերի դրսևորումն է, որովհետև այդ էմոցիաներից պտուղ է ծնվում, իսկ այդ պտուղը դառնում է նորից Անդրանիկ, Դուշման, Վազգեն, Վարդան։ Ես արժանապատիվ խաղաղություն ասվածը իսկապես ընդունում եմ, բայց եթե խաղաղություն վաստակենք, մեջը արժանապատվություն պիտի գտնենք»,- ասել է երգիչը։

Ամալյանն այս խաղաղությունից բան չի հասկանում, բայց միևնույն ժամանակ չի ուզում՝ պատերազմ լինի:

«Ես այսօրվա խաղաղությունից բան չեմ հասկանում։ Իհարկե, ամենամեծ ապուշը այս պահին կարող է է մտածել, որ՝ ջհանդամ, թող պատերազմ լինի։ Չէ, ես այդ ջհանդամը չեմ։ Համաձայն չեմ։ Այս պահին որևէ պատերազմ չեմ ուզում, որ լինի։ Ես փոքր եմ, որ իմ ուզել-չուզելը նշանակություն ունենա։ Ուղղակի մտածում եմ, որ ինչ-որ բանից հետո ինչ-որ մի լույս կվառվի»,- նշել է Դավիթ Ամալյանը։

Երգիչը հույս ունի, որ մի օր էլ մենք կուժեղանանք։

«Դասական ճշմարտություն կա, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ցավոք սրտի, այս իրավիճակում դեռ ուժեղի նշաձողը չունենք, բայց հուսով եմ՝ ինչ-որ ընթացքում կդառնանք։ Հաղթանակն այս 30 տարվա մեջ իբր թե ունեինք, բայց դա հաղթանակ չէր։ Հաղթանակ ունենալը չէր նշանակում հպարտանալ, ընդհակառակը, դա մեզ հեռացնում էր հաղթանակից։
Միջոցառումներով հաղթանակ նշել այն դեպքում, երբ դա դեռ հաղթանակ չի։ Ընդամենը դա մեզ հեռացնում էր իրական հաջողությունից։ Դա հաղթանակ չէր, հաջողություն էր։ Իսկ այդ հաջողությունը հաղթանակ դարձնելու համար պիտի մարդ սարքեինք։ Մենք մարդ պիտի մշակենք»,- եզրափակել է Դավիթ Ամալյանը։