Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների. Նոր Զելանդիայի առաջին կին դատավոր

24 Հոկտեմբերի 2023, 00:51

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

«Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների»: Այս խոսքերը Նոր Զելանդիայի առաջին կին գլխավոր դատավոր Սրբուհի Էլիասինն են:

Հայրը՝ Մինաս Էլիասը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, մայրը ուելսեցի: Ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ Սրբուհին ընդամենը մեկ տարեկան է եղել։

1970 թվականին Օքլենդի համալսարանի իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո Սրբուհին ուսումը շարունակել է Սթենֆորդում։ Որոշ ժամանակ անց սկսել է աշխատել իրավաբանական ընկերությունում, որտեղ աչքի է ընկել իր՝ հազվագյուտ ունակություններով, սուր մտքով և երեք տարի անց սկսել է իրավաբանի կարիերան:

1988 թվականին Էլիասը դարձել է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը (մյուսը՝ Լոուել Հոդարդն է)։

1990 թվականին երկրին մատուցած ծառայությունների համար ստացել է պետական մրցանակ՝ Նոր Զելանդիայի հուշամեդալ։ Էլիասը 1995 թվականին դարձել է Գերագույն դատարանի դատավոր և պաշտոնավարել է Վերաքննիչ դատարանում:

Սրբուհի Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի թագավորական պալատի անդամ։

«Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ։ Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով»,- այսպես է նկարագրել հայկական արմատներ ունեցող կնոջը լրագրող Լյուկ Հարդինգը:

1999 թվականին Էլիասը դարձել է Նոր Զելանդիայի գլխավոր դատավորի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը:

Էլիասի դերը Նոր Զելանդիայի հասարակական կյանքում անգնահատելի է։ Նրա ամենահայտնի գործերից է Նոր Զելանդիայի բնիկների՝ պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը: Սրբուհու ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիները կարողանում են հավասար պայմաններում ապրել իրենց սեփական երկրում։