Էթերի Կարապետյանն ընդգրկվել է Forbes-ի վարկածով ռուսաստանցի միլիարդատերերի ամենաակտիվ կանանց ցանկում
11 Մայիսի 2025, 18:10
Forbes-ի տվյալներով՝ 2025 թվականի վարկանիշում հայտնված 146 ռուս միլիարդատերերից 114-ն ամուսնացած են, 10-ն՝ ամուսնալուծված։ Forbes-ը որոշել է ուսումնասիրել, թե ինչով են նրանք զբաղվում, և կազմել է միլիարդատերերի ամենաակտիվ կանանց ցուցակը: Այդ ցուցակում է հայտնվել Էթերի Կարապետյանը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կինը։
««Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ամուսնությունը շատ ամուր միություն է համարվում. նա իր կնոջ՝ Էթերիի հետ միասին է դեռևս երիտասարդ տարիքից, նրանք ունեն երեք երեխա»,- ասվում է հրապարակման մեջ։
Նրանց դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը Forbes-ին պատմել է մոր մասին։ «Մայրիկը նույնպես գործարար է, 1999 թվականին բացել է առաջին սպա-սրահը Կալուգայում։ Դա հայրիկի նվերն էր իր կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ։ Այժմ այն արդեն Best սրահների ցանց է առևտրի կենտրոնների շրջանակներում և մեկ մեծ պրեմիում սպա կենտրոն Մոսկվայում»,- նշել է Տաթևիկը։
Էթերի Կարապետյանը նաև բարեգործական հիմնադրամ է ղեկավարում, որն օգնում է հայ երեխաներին: