ԵԹԿՊ-ի ուսանողները յուրովի են ներկայացրել Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործությունը

30 Մայիսի 2023, 01:00

Մշակույթ

Երկար ու ծավալուն աշխատանքի արդյունքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական երրորդ կուրսի ուսանողներն օրերս հանդիսատեսի դատին են հանձնել Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին» ստեղծագործության բեմադրությունը:

Թատերասերներն այն դիտելու հնարավորություն են ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում:

unnamed (3).jpg (85 KB)

Կուրսի ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է, իսկ բեմադրության հեղինակը՝  ռեժիսոր, դերասան Կարո Բալյանը։

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Բալյանն ասում է՝ դատելով հանդիսատեսի արձագանքից՝ առաջնախաղը շատ լավ է անցել:

«Ուսանողները ոգևորված էին: Սկզբում լարված էին, բայց հետո բարձր տրամադրություն ունեին: Նման բեմադրությունները կրկնակի պատասխանատվություն են, քանի որ գործ ունես ուսանողների հետ: Ես նրանց միշտ տանում եմ տարբեր երկրների փառատոնների:

Այս ներկայացումը ևս բացառություն չէ. կփորձենք այն մի քանի փառատոնի ներկայացնել, որպեսզի ուսանողները հաղորդակցվեն արտերկրի թատերական մթնոլորտին: Ավելի լավ է՝ մեկ անգամ տեսնեն, քան հազար անգամ լսեն»,-շեշտում է ռեժիսորը:

unnamed (4).jpg (73 KB)

Կարո Բալյանն այժմ Սանկտ Պետերբուրգում է, մասնակցում է Բրյանցևի անվան թատերական փառատոնին: Առաջիկայում պատրաստվում է Բրյանցևի անվան թատրոնում բեմադրել Վիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ»-ը:

«Հրավերներ կան նաև Ռուսաստանի այլ քաղաքներից, առաջարկներ կան Ռումինիայից, Հունգարիայից և այլ երկրներից:

Ռումինիայում և Հունգարիայում գործընկերոջս հետ Շեքսպիրյան փառատոն ենք անցկացնելու, որն այս տարվա սեպտեմբերին է մեկնարկելու, իսկ նոյեմբերի 1-7-ը Հայաստանում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան փառատոնը»,-տեղեկացնում է ռեժիսորն ու հավելում, որ հոկտեմբերին Երևանում հանդես կգա առաջնախաղով:

unnamed (5).jpg (67 KB)