Եվա Գևորգյան․ Հայազգի վիրտուոզ դաշնակահարուհին
15 Ապրիլի 2025, 23:50

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 15-ը վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանի ծննդյան օրն է:
Եվան ծնվել է 2004 թվականին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը, որտեղ ուսումը շարունակում է մինչ օրս: Միաժամանակ սովորում է Մադրիդի Սոֆյա թագուհու անվան երաժշտության բարձրագույն դպրոցում՝ ականավոր մաեստրո Ստանիսլավ Յուդենիչի մոտ։
Սովորել է նաև Ուիլյամ Գրանտ Նաբորեի, Դմիտրի Բաշկիրովի և Անդրեա Բոնատտայի մոտ։
Եվա Գևորգյանը Լիխտենշտեյնի երաժշտության ակադեմիայի, Վլադիմիր Սպիվակովի և «Նոր անուններ» հիմնադրամների կրթաթոշակառու է: Նա նաև բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է։ Նրա մրցանակների թվում են մի քանի Գրան պրի, առաջին մրցանակներ, հատուկ մրցանակներ և մրցանակներ մեծ կոմպոզիտորների՝ Բախի, Շոպենի, Ռախմանինովի ստեղծագործությունների լավագույն կատարման համար:
Եվա Գևորգյանը համաշխարհային առաջատար փառատոների մասնակից է, ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Լիխտենշտեյնում, Իսրայելում, Հայաստանում, Լատվիայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Մալթայում և այլուր:
Դաշնակահարուհին նվագել է աշխարհի առաջատար նվագախմբերի հետ՝ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Գևանդհաուզի, Լյուցերնի սիմֆոնիկ նվագախմբերի, Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մալթայի և Ռումինիայի նվագախմբերի հետ։ Համագործակցել է նշանավոր դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Վլադիմիր Սպիվակովի, Ալեքսանդր Սլադկովսկու, Վասիլի Պետրենկոյի և այլոց հետ։
2019 թվականին Եվան արժանացել է ICMA մրցանակի՝ «Տարվա հայտնություն» անվանակարգում, ինչպես նաև մենահամերգ է ունեցել Ալբերտ հոլում։ 2022 թվականին «Мелодия» ընկերությունը թողարկել է նրա առաջին սոլո ալբոմը Սկրյաբինի և Շոպենի ստեղծագործություններով։