Եվգենիա Մեդվեդևան հայտնել է, որ ֆինանսապես կօգնի «Կրոկուս»-ում զոհվածների ընտանիքներին

30 Մարտի 2024, 17:15

Մշակույթ

Հայազգի ռուս գեղասահորդուհի, կանանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի 24-ամյա Եվգենիա Մեդվեդևան հայտնել է, որ ֆինանսական օգնություն կցուցաբերի Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Նա նաև իր տելեգրամյան ալիքում շնորհակալություն է հայտնել այն տղաներին, որոնք օգնել են մարդկանց դուրս գալ համերգասրահի շենքից հարձակման ժամանակ:

«Ուղիղ մեկ շաբաթ է անցել «Կրոկուս»-ում տեղի ունեցած հրեշավոր ողբերգությունից։ Մենք բոլորս շոկի մեջ ենք և ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին։ Իհարկե, և՛ ես, և՛ իմ ողջ շրջապատը կաջակցենք զոհվածների ընտանիքներին, ինչպես կարող ենք, այդ թվում՝ ֆինանսապես։ Ինչ-որ մանրամասներ պատմելու իմաստ չեմ տեսնում, կան պաշտոնական հիմնադրամներ, որոնք հիմա փող են հավաքում, և յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե որտեղ և ինչպես աջակցել մարդկանց։

Ես կցանկանայի նաև իմ հիացմունքն արտահայտել նրանց, որոնք վտանգել են իրենց կյանքը՝ փրկելով մարդկանց «Կրոկուս»-ում։ Եվ նրանք բոլորովին երիտասարդներ են: Արտեմ Ֆիլիմոնովը 14 տարեկան է, Վիկտորիա Վոլչիխինան՝ 15, Ելիզավետա Տերեխովան՝ 17 և Իսլամ Խալիլովը՝ 15: Դուք իսկական հերոսներ եք: Շնորհակալություն ձեզ և ձեր ծնողներին»,- գրել է Մեդվեդևան։